26 04 2023

Մեկ տարի անց գործը դատաքննության փուլում է, բոլոր վկաները վախեցած են. Սոնա Մնացականյանի հայր

Մեկ տարի անց գործը դատաքննության փուլում է, բոլոր վկաները վախեցած են. Սոնա Մնացականյանի հայր

NEWS.am-ը գրում է.

«Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից մեկ տարի է անցել: Այժմ գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով վկաները, սակայն տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:

NEWS.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, նշեց, որ գործով վկաները վախեցած են. «Բոլոր վկաները վախեցած են եւ միաբերան նույն բաներն են ասում: Սարքերի միջոցով արագությունը որոշել էին, որ 100 կմ/ժ է եղել հարվածի պահին, սրանք գալիս ու ասում են, որ այդքան չի եղել, չնայած, որ կան ապացույցներ»:

Մեզ հետ զրույցում տուժողի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդեց, որ օբյեկտիվ եւ ամբողջական քննություն չի իրականացվել. «Փաստացի ոչնչացրել են կորտեժի եւ ավտոշարասյան մեջ առկա ռադիոկապի ձայնագրությունը, Ոստիկանությունն այդպես էլ չի տրամադրել, նշելով, որ իբրեւ թե ձայնագրությունը տեխնիկական խոտանի պատճառով չի իրականացվել»:

Փաստաբանի դիտարկմամբ՝ եթե գործով կարեւոր ապացույց է վերացվել, ապա դա բազմաթիվ կասկածներ են առաջացնում. «Այդ ձայնագրության առկայությունը լույս կսփռեր այս գործի վրա եւ պաշտպանական կողմի համար այս տողատակերն ակնհայտ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ  վրաերթը կատարվել է ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից: Ընդ որում, իրավապահ համակարգը բացասական իմաստով գործում է շատ համագործակցված, անում են ամեն ինչ դեպքի ամբողջ հանգամանքները քողարկելու նպատակով: Կա որոշակի ուղղորդում ամենաբարձր մակարդակով»:

Ասլանյանի խոսքով՝ գործով ամբաստանյալ Արամ Նավասարդյանին ամեն կերպ ազատության մեջ պահելու ձգտում կա. «Ես չեմ հասկանում, թե այս ամենն ինչու է տեղի ունենում, որովհետեւ առաջին հայացքից սա որեւէ բարդություն չներկայացնող գործ է, իհարկե վարչապետի ավտոշարասյունն է, բայց կատարողը կոնկրետ անձ է, ինչո՞ւ է այսպիսի հովանավորչություն դրսեւորվում: Ողջամիտ կասկած է ձեւավորվել, որ ինչ-որ բան այն չի եղել, այսինքն՝ կա հանգամանք, որն ամեն կերպ թաքցնում են»:

Նշենք, որ դատարան է մտել միայն վարորդի մասով գործը, իսկ ավտոշարասյան ղեկավարի մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել: Այդ որոշումը տուժող կողմը բողոքարկել է, եւ Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում է արձանագրել, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է խախտումները վերացնել, նաեւ արձանագրվել է, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դատարանը բողոքը վարույթ ընդունել է, թե՞ մերժել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ