24 04 2023

Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը․ Արամ Ա

Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։

«Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։  Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:
Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։

Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։

Ապրիլի 24-ը  մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով,  վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է:
Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ 

Արցախը տակավին կմնա շրջափակված  ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում:
Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա  կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։

Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային,  հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։

Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝  ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ