20 04 2023

Մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան տարալուծելու մոտեցումը, առաջարկել ենք շարունակել քննարկումը. Վեհափառ Հայրապետ

Մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան տարալուծելու  մոտեցումը, առաջարկել ենք շարունակել  քննարկումը. Վեհափառ Հայրապետ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, եւ եթե խնդիրներ կան, հարցեր կան, նաեւ հանդիպումներ է ունենում Ամենայն հայոց հայրապետի հետ, եթե դրանք վերաբերում են Ամենայն հայոց հայրապետին եւ նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով նրան, որ թեեւ շատ եկեղեցականներ կոշտ քննադատում են իշխանությանը, Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Այդպիսի հանդիպումներ ունեցանք վերջերս, մեզ այցելեց կրթության նախարարը, ինչպես նաեւ տիար Ավինյանը: Նրանց հանդիպումների վերաբերյալ տեղեկատվական մեր ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածել է եւ այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, որոն մենք քննարկել ենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ իր հանդիպումից օրեր անց «հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելու գործընթացն ակտիվանում է, նա արձագանքեց. «Տիկին Անդրեասյանի հետ հանդիպմանը մենք անդրադարձել ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, որը տարալուծվում է այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ, որը մենք ճիշտ չենք գտնւմ եւ որին մենք հստակ մեր ժխտական դիրքորոշումը արտահայտել ենք: Այս օրերին էլ անշուշտ, մեր հոգեւորականների կողմից այդ խնդրին անդրադարձ եղավ, իրենք նույնպես արտահայտեցին վերաբերմունքը մեր եւ մեր սուրբ եկեղեցու, եւ կարծում եմ՝ մեր հավատավոր ժողովրդի:

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան գիտելիքների փոխանցում չէ միայն: Այն ոգի, նկարագիր, ինքնություն, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասըթաց է: Հնարավոր է, որ այսօր այդ դասագրքերը ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ ներկայացված չլինեն: Կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել եւ ճիշտ վիճակի մեջ բերել: Նաեւ պետք է ուսուցիչների վերապատրաստության գործընթացն իրականացնել: Այդ խնդրի առնչությամբ մենք ունեինք համաձայնություն, որ ստեղծված հանձնաժողովները պետք է հանդիպեինք, քննարկումներ ունենային եւ համապատասխան լուծումների հանգեին: Այսդ առաջարկը կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք եւ տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք, ինչ հետեւանքներ կունենանք»:

Վեհափառի խոսքով, իրենք ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլեւ իրենց հանրային հայտարարությունների մեջ հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է, մերժելի է մոտեցումը՝ տարալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ, կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով, որովհետեւ, եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է հստակեցվի նպատակը:

«Վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի ենք ուզում հասնել, ինչ ենք ուզում արձանագրել, եւ մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձեւակերպումն է տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր կողմից մեր դիրքորոշումներում արտահայտված է:

Մենք առաջարկ ենք բերել, որ շարունակվեն այդ քննարկումները եւ փոխընդունելի, ճիշտ լուծման, եզրահանգման հանգենք: Սպասում ենք արձագանքի»,-ասաց Վեհափառ Հայրապետը :

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ