17 04 2023

Մեղադրողը միջնորդեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամ տուգանք կիրառել

Մեղադրողը միջնորդեց Վազգեն Մանուկյանի նկատմամբ 500 հազար դրամ տուգանք կիրառել

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատախազ Արմեն Գևորգյանը  հրապարակեց մեղադրական ճառը` դատարանին միջնորդելով Վազգեն Մանուկյանին մեղավոր ճանաչել վերագրվող արարքում և նրան դատապարտել 500 հզ դրամ տուգանքի:

Հիշեցնենք, որ Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ է Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր արել։ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նա իր հանդեպ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ