15 04 2023

Ովքե՞ր են մտահոգվել Ադրբեջանի դրոշն այրելուց և ինչո՞ւ

Ովքե՞ր են մտահոգվել Ադրբեջանի դրոշն այրելուց և ինչո՞ւ

Նախօրեին Հայաստանում այրեցին Ադրբեջանի դրոշը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց և դուրս հանեց դահլիճից։ Ակցիա իրականացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն էր։ Նրան ոստիկանությունը ձերբակալեց, իսկ ժամեր անց ազատ արձակեց։

Արամ Նիկոլյանի քայլը որքան դրական արձագանք ստացավ հանրության կողմից, նույքան ծանր ու սուր արձագանքեցին իշխանական և ինխանամերձ գործիչները: Ստորև ներկայացնում ենք նրանցից մի քանիսի տեսակետը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը առաջ է բերել իշախանականների սիրելի թեզը՝ դրա փոխարեն գնացեք սահման: Գրում է․ «Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ,  լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման:

Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի»:

 ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի կարծիքով էլ, օրինակ, Հայաստանը տարիներով հետ է մնացել հենց դրոշներ վառողներով հպարտացողների պատճառով:

«Դրոշ վառողների և դրոշ վառողներով հպարտացողների պատճառով ենք շատ ու շատ հետ մնացել տարիներ շարունակ։

Եթե դրոշ վառելը հերոսական քայլ է, ապա, էլ երբեք, չխոսեք իրական հերոսներից։

Չհամարձակվեք խոսել սեփական մարմնով հրամանատարի կյանքը փրկած սպայի, կրակի տակից վիրավոր ընկերներին դուրս բերած զինվորի, վառվող տնից երեխային դուրս հանող  հրշեջի, գիշերը  հերթապահող ու կյանք փրկող բժշկի, գիտելիք տվող մանկավարժի, կարգ ու կանոն պահպանող ոստիկանի և այն բոլոր մարդկանց մասին, ովքեր իրենց աշխատանքով ամեն օր մի փոքրիկ հերոսություն են անում, որ աշխարհը ավելի լավը դարձնեն»:

1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն էլ կարծում է, որ թշնամու դրոշ վառելը ուղիղ հարված է երկրի հեղինակությանը: Իհարկե՝ նա թշնամի բառը չի օգտագործում։ «Երկրի անկախության և ինքնիշխանության մասին կարող ենք գիշերուզօր աշխարհի չորս ծագերում ելույթ ունենալ, բայց մեր ասելիքը, ուղերձը մի վայրկյանում դառնում է անիմաստ, եթե մենք ի վիճակի չենք մեր քթի տակ երկրի հեղինակությունը պաշտպանել:

Դրոշը վառելու հետ ես խնդիր չունեմ, բայց պետությունը, ինքնիշխանությունն այս պահին հենց այն բեմն է, որտեղ հնարավոր է եղել, որ մի լածիրյակ անի այն, ինչ արել է: Իսկ եթե դրոշի փոխարեն որոշեր բեմը վառել:

Հարցը վառվող դրոշը չէ, այլ միջոցառման կազմակերպչի բեյջով վարչապետի կողքին նստած դեգեներատի ներկայությունը և նրա կողմից դրոշը վառելու օպերացիան:

P.S. Նախորդ գրառման արձագանքները ուղղակի պառանոյա են հիշեցնում:  Ձեր անցած ճանապարհներով տասնյակ տարիներ առաջ եմ անցել, թուլացեք, սիրելիներ»:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանը, համոզված է, որ ամեն քայլի վերջնարդյունքը հայրենիքին օգուտ տալը պետք է լինի: Բայց գրառման մեկնաբանություններից մեկին, թե ինչ օգուտ է ինքը տվել հայրենիքին, այդպես էլ չի պատասխանել: «Երեկ Հայաստանը նոր նշաձող սահմանեց  ծանրամարտի  Եվրոպայի առաջնությունների բացման արարողությունների համար. մինչ այս անցկացված որևէ առաջնություն չէր ունեցել նման շքեղ, մասշտաբային ու ներկայանալի մեկնարկ։

Սա ոչ միայն կարևոր է հենց ծանրամարտ սպորտաձևի տարածման ու զարգացման, այլև մեզ համար Հայաստանը, որպես սպորտային աշխարհի կենտրոն դիրքավորելու առումով։

 Եւ ահա Հայաստանը պետք է քաղի առավելագույնն այս համաեվրոպական միջոցառումից,  ինչու ոչ ցույց տա հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու իր կարողությունները։

Բայց արի ու տես, որ մի հայ երիտասարդ, ով ինքն է հեղինակել ու կարել Ադրբեջանի դրոշը բռնող մոդելի կրկին ադրբեջանական դրոշով զգեստը, որոշում է խափանել ողջ այս գործընթացը, գցել Հայաստանի միջազգային վարկը ու ձեռքի հետ էլ լավագույն նվերը մատուցում Ադրբեջանին. ամբողջ միջազգային մամուլը ողողված է այս միջադեպով։

 Ի դեպ այս ամենը հայրենասիրության քողի ներքո։

 Բայց կա պարզ ճշմարտություն` հայրենասիրության ցանկացած դրսևորման վերջնարդյունքը հայրենիքիդ օգուտ տալն է, եթե հակառակն է տեղի ունենում, դա ունի բոլորովին այլ անուն և արվում է բոլորովին այլ նպատակներով։

 Թշնամու դրոշ վառելով ու քոնը թափահարելով, կենացներ ասելով,  հայրենակիցներին անվանարկելով հայրենիք չեն սիրում, պետություն չեն կառուցում, չեն հաղթում»։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ամփոփել է բոլորի մտահոգությունները՝ ներողություն խնդրելով միջազգային հանրությունից:

«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ»:

Նշենք, որ Ադրբեջանի դրոշը վառելու կողմնակիցները, Արամ Նիկոլյանի քայլը բարձր դասողների թիվը չափազանց շատ է, ամենուր քաջալերանքի խոսքեր են։ Քաղաքացիները հիշեցնում են 44-օրյա պատերազմը, ադրբեջանցիների իրականացրած գլխատումները, Հայաստան մտած և սպանություն կատարած դիվերսանտին, Ադրբեջանում գտնվող մեր գերիներին, Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վարչապետին շարունակ ծաղրելը և այլն։

Ստացվում է՝ Ադրբեջանի դրոշի այրումը քննադատում են Ադրբեջանից բացի, նաև Հայաստանում իշխանական շրջանակները։

Ի դեպ, ուշագրաավ է, որ հենց իշխանական շրջանակներն են ռավոտից իրիկուն խոսում ինչ-որ «5-րդ շարասյան» մասին․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ