13 04 2023

Պատժից ազատվող դատապարտյալին կտրվի միանվագ դրամական օգնություն

Պատժից ազատվող դատապարտյալին կտրվի միանվագ դրամական օգնություն

Կառավարությունն իր այսօրվա նիտում սահմանեց պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը:

Նախագծով առաջարկվում է սահմանել պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը և ծավալը, մասնավորապես՝ տրամադրվող ծառայությունների տեսակները, կարգավորել սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի ընթացակարգային և այլ հարցեր, դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը սահմանել 100 հազար ՀՀ դրամ՝ ևս 50 հազար ՀՀ դրամով ավելացվելու հնարավորությամբ: Գումարի չափը որոշվել է իրավահամեմատական եղանակով՝ համադրելով ՀՀ կառավարության և Երևան քաղաքի ավագանու որոշումներով սոցիալական աջակցության տարբեր տեսակների դեպքում տրամադրվող դրամական միջոցները: Սահմանված 100.000 ՀՀ դրամին ևս 50.000 ՀՀ դրամ ավելացնելը պայմանավորված է լինելու միայն նախագծով նշված ցուցիչներով և լրացուցիչ հիմնավորվելու է յուրաքանչյուր դատապարտյալի դեպքում անհատապես: 

Գործող կարգավորումները նախատեսում են, որ հիմնարկի վարչակազմն ապահովում է պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչև նրա բնակության վայր կամ տրամադրում է դրա համար անհրաժեշտ գումար՝ ՀՀ տարածքում տեղափոխվելու համար, այդ ընթացքում ապահովելով անհրաժեշտ սննդամթերքով կամ դրա համար անհրաժեշտ գումարով, սեզոնային հագուստով։

Բացի այդ, հաշվի առնելով Օրենսգրքով սահմանված չափորոշիչները՝ հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն, որի տրամադրման չափն ու կարգը սահմանում է Կառավարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ