ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը օրենսդիրներին ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Իր ելույթում Մհեր Սահակյանն ասաց․
«Հակառակ նրան, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները այսօր կանգնած են անվտանգային և գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ես հիմա ստիպված եմ այս ամբիոնից խոսել մի միջադեպից, որը մի կողմից ինձ համար տհաճ է, քանի որ ինքս մեծ հարգանք ունեմ պետական ինստիտուտների հանդեպ և գիտակցում եմ պատգամավորի դերը հասարակության մեջ, բայց մյուս կողմից էլ ունենք մի իրավիճակ, երբ իշխանական խմբային շահից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է իշխանական անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անսկզբունք, զազրելի ու անընդունելի արարքներ»։
Ներկայացնելով միջադեպի մանրամասները, պատգամավորը նշեց․
«2023թ․-ի մարտի 31-ին ժամը 10-ին Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես 20 րոպե էլ տևել է նախատեսված հարցերի քննարկումը, որից հետո արդեն մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի օբյեկտիվ հարցադրումը, արդյո՞ք Ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր Հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացավ բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքների։ Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորեց ագրեսիվ վարքագիծ։ Նշեմ, որ վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վլադիմիր Վարդանյանը չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք էր ցուցաբերում, մասնավորապես գոռում էր և նկատողություն էր անում ընդդիմադիր պատգամավորներին։
Երբ հերթական անգամ վարողը, ձեռքը սեղանին հարվածելով, ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ, նրա ով դեռ ոչինչ չէր արտահայտվել, և մեղադրանքներ հնչեցնելով պահանջեց լռել, ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից, պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորի։ Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը ամենայն հավանականությամբ չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ինքն ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ ինձ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի և մեկ հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, որից հետո ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից»։
Դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի մասին խոսելով, պատգամավորն ասաց, որ բացարձակապես համաձայն չի միջնորդագրում առկա այն մեղանդրանքին, որ իր արարքներում 2023թ․-ի մարտի 31-ին ՀՀ ԱԺ վարչական երկրորդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում տեղի ունեցած քննարկման և այնուհետև միջադեպի ժամանակ առկա է խուլիգանության հանցակազմ։
«Միջնորդագրի մեջ նշված է, որ Արծվիկ Մինասյանի կողմից թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ ցուցադրաբար հակադրվել եմ Վլադիմիր Վարդանյանին և ներկաների նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել եմ ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել եմ սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն եմ արել Վլադիմիր Վարդանյանին, հանձնաժողովի փակ քննարկման աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել եմ իմ և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, մոտեցել եմ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով, դիտավորությամբ հարվածել եմ նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնաս»։
Խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին Մհեր Սահակյանն ասաց․
«Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս դուք, տիկի՛ն Գլխավոր դատախազ, ընթերցել եք բացառապես ձեզ համար շատ հարազատ մարդ համարվող Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը։ Ինձ մոտ օբյեկտիվ հարց է առաջանում․ միջադեպից անմիջապես հետո իմ և փաստաբաններիս համար ակնհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու ձեր, վարույթ իրականացնող մարմնի, քաղաքական իշխանության ձգտումը՝ սկզբում խուլիգանության երրորդ մասով, որն աբսուրդ էր, այժմ խուլիգանության առաջին մասով, որն իրականության հետ որևէ աղերս չունի։
Լսե՛ք, հավաստիացնում եմ ձեզ իմ արարքներում խուլիգանությունը որպես օբյեկտիվ երևույթ և խուլիգանական դրդումը որպես սուբյեկտիվ երևույթ իսպառ բացակայում են, իսկ հարվածը հասցվել է բացառապես անհրաշեշտ պաշտպանության նկատառումով։ Հետաքրքիր է գոնե մեկ փորձ Ձեր կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվե՞լ է իմ կողմից ներկայացված պնդման, մասնավորապես՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության առկայությունը ։ Բոլոր ցուցմունքներում և առերեսումների արձանագրություններում հստակ է այն փաստը, որ քննարկման և այնուհետև առաջացած վեճի ընթացքում, ես ոչինչ չեմ խոսել։ Անահսկանալի է, թե դատախազը այդ ինչ սեփական անձիս առավելությունները ընգծելու ցանկությանս մասին է գրել»,-ասաց Մհեր Սահակյանը։
«ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու և ականջ կտրել ոչ ավել ոչ պակաս մարդու իրավունքեների պաշտպանի թեկնածուին հանձնաժողվի պաշտոնական նիստի ժամանակ այս շենքում, դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ ե՞ք տեսնում, ով ընդամենը պահանջել է հարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Արդյո՞ք սա երկակի ստանդարտներ չեն Ձեր կողմից կիրառվող։ Քանի որ միջնորդագրի մեջ նշել եք միայն իմ կողմից բղավելու, ձեռքով հարվածելու, ոտքի կանգնելու մասին, ուզում եմ բարձրաձայնել, որ գործում առկա ցուցմունքներում և առերեսումների արձանագրություններում հստակ երևում է, որ առաջինը բղավել է Վլադիմիր Վարդանյանը, առաջինը ձեռքը սեղանին խփել է նա, առաջին քայլերը դեպի ինձ բղավելով արել է Վլադիմիր Վարդանյանը և միայն մեկ հարվածն է, որ առաջինը ես եմ հասցրել անել՝ այն էլ հաշվի առնելով իշխանական պատգամավորների կողմից բազմիցս դրսևորած սանձարձակ վարքագիծը։ Առհասարակ շեշտեմ, որ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլև այդ օրը քննարկմանը մասնակցող մյուս անձանց առերեսումների արձանագրություններում փաստագրված է, որ Վլադիմիր Վարդանյանը այդ օրը եղել է լարված հոգեվիճակում, ձայնի բարձր տոնայնությամբ և բղավելով է խոսել, մեղադրանքներ է հնչեցրել, նախկին ու ներկա է խաղացրել։ Պնդում եմ, որ ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, հարված եղել է, և եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ եմ պատասխան տալ դրա՛ համար՝ ընդհուպ ազատազրկում։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Եզրափակելով խոսքը Մհեր Սահակյանն ասաց․
«Եզրափակվեմ խոսելով այս միջադեպի իմ կարծիքով հիմնական բուն պատճառից՝ 2021թ․-ի Ազգային Ժողովի խորհրդարանական ընտրութուններից և դրա արդյունքում պարտված իշխանության վերարտադրությունից, երբ պարտության տարած ժողովրդին դուք
խոստանալով խաղաղություն՝ բերեցիք նոր կորուստներ,
խոստանալով անվտանգություն՝ բերեցիք անկայունություն,
խոստանալով արդարություն՝ բերեցիք իշխանական անպատժելիություն և ամենաթողություն։
Մի պետությունում, որտեղ չի գործում օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը կեղծ է, իսկ արժեհամակարգը փչացած, մարդը ստիպված է հույսը դնել իր վրա և ապահովել իր իրավունքները։
Լսե՛ք, արդեն բոլորին է պարզ, որ դուք ամենից շատ սիրում եք ձեր աթոռը, առաջնորդվում եք նեղ խմբային կուսակցական շահով և նոր աղետալի արկածախնդրությունների առջև եք կանգնեցնում մեզ և մեր հայրենիքին, իսկ այս գործը կեղծ է, ինչպես բոլոր այն խոստումներն ու քաղաքական քրեական գործերը, որոնցով շեղում եք հասարակությանը իրական օրակարգային խնդիրներից արդեն 5 տարի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը