31 03 2023

Վլադիմիր Վարդանյանն անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի և ընդդիմադիր պատգամավորների հետ․ Մամիջանյան



«Ըստ իմ տեղեկությունների՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը առաջ է եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Մամիջանյանը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի և ընդդիմադիր պատգամավորների հետ. «Ի՞նչ փախչելու մասին կարող է խոսք գնալ: Մհեր Սահակյանին ես վաղուց եմ ճանաչում, շատ տարբեր էքստրեմալ պայմաններում ենք հայտնվել դեռեւս փողոցային պայքարի ժամանակ, ու Մհեր Սահակյանը փախնող տղա չի»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ միջադեպով փորձ է արվում ստվերել սահմանային լարվածությունը, պատգամավորն արձագանքեց. «Ես իշխող խմբակցությունը նույնիսկ նման հաշվարկ ունի, դա անհեթեթ հաշվարկ է, որովհետեւ չի լինի մի հայ, որն այս միջադեպին ավելի շատ ուշադրություն կդարձնի, քան երեկվա տեղի ունեցածին եւ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին»:

«Երեկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը արդեն որերորդ անգամ: Երեկվա տեղի ունեցածի պատասխանն ուժայինների կողմից, որը ԱԱԾ-ի երեկվա անլուրջ հայտարարությունն է, եւ այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից, կարծում եմ՝ այն պատրաստակամությունը եւ այն ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին է փորձում պաշտպանել ուժային համակարգը, այդ նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, մենք այս իրավիճակում չէինք լինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ