Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն այժմ ՀՀ զինդատախազության շենքում են, քիչ անց կմեկնարկի ծնողների հանդիպումը՝ զինդատախազի հետ։
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ հարցեր ունեն զինդատախազին, թե ինչպես եղավ, որ զինծառայողները մահացել են, շմոլ գազ է եղել, ինչու էին նրանք գտնվում այդ կացարանում։ Նա հայտնեց, որ Պաշտպանության նախարարը չի ընդունել իրենց, քանի որ պատասխան չուներ, պահանջում է ՊՆ նախարարի հրաժարականը։ Ծնողը տարակուսանք հայտնեց գործի ուղղորդված քննության վերաբերյալ, նշում է՝ դեռևս կառավարության նիստին Փաշինյանն ասել է, որ բենզինի պատճառով է հրդեհ եղել։
«Թող Փաշինյանին քննեն ու ապացուցեն։ Եթե բենզինից է եղել, բա շմոլ գազն այդ 10 րոպեում ոնց եղավ։ Տվյալներ կան, որ երեխեքը մինչև ժամը 00.30 խոսել են»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձում են կոծկել գործը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը