«Այս մարտը ամենատաք մարտերից մեկն էր՝ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով՝ Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու ծաղկում նորմայից 15-20 օր ավելի շուտ։
Ինչ վերաբերում է եղանակային կանխատեսումներին՝ Սուրենյանը նշեց, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքը արդեն սկսվել է՝ հանրապետության հյուսիսային հատվածներում ջերմաստիճանի անկում է գրանցվել 10-12 աստիճանով։
«Վաղը ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է։ Ցիկլոնի ամենամեծ թափը դիտվելու է երեկոյան ժամերին՝ 4-ից հետո։ Վաղը տեղումներ սպասվում են արդեն հանրապետության ողջ տարածքում։ Այսօր ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, վաղը՝ 6-8 աստիճանով, ևս 4-6 աստիճանով կնվազի մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը