Տեր Վրթանես Բաղալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին: Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր` լրատվությանը հետևելիս, համացանցում պատահական դիտեցի Արմեն Խաչատրյան անունով անձի Mediahubին տված ճեպազրույցը, որտեղ լրագրողի` պաշտոնյային տրված կոնկրետ պարեկների անօրինական գործունեության դրսևորումների մասին հարցին( պարեկը կրիստալ տեսակի թմրանյութ է օգտագործում, չեն կարողանում օպերատիվ արձագանքել ՀԱՄԵՐ֊ի վարորդի գործողություններին, պարեկը գողություն է կատարում, պարեկը քաղաքացու է սպանում և այլն)։ վերջինս ամեն կերպ փորձում է արդարացնել ձախողված պարեկների ինստիտուտի ներդրումը։ Դա դեռ բավական չէ, մի բան էլ փորձում է,որպես նորմալ երևույթ, ներկայացնել թմրամոլ պարեկին, Ազգային ժողովի պատգամավորին, թմրամոլության դեմ պայքարի բաժնի աշխատակցին և ձեռքի հետ էլ ցեխ է շպրտում հոգևորականների և բժիշկների վրա։
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհ կառավարման արդյունքում պարտության, նոյեմբերի 9֊ի եռակողմ խայտառակ կապիտուլացիոն պայմանագրի կնքման, անգամ դրանում եղած կետերի ադրբեջանի չկատարման( գերիները դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին, իսկ Արցախի Հանրապետությունը Հայաստանին Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքը շրջափակված է) այս ծանր իրավիճակում։ Ադրբեջանի ահաբեկչական պետության բռնակալ ալիևն Արցախում էթնիկ զտումից է խոսում, որ արցախահայերը կամ պետք է ընդունեն ադրբեջանի քաղաքացիություն, կամ լքեն իրենց տները, որտեղ դարեր շարունակ ապրել են։ Երբ սահմանի զինվորի և սպայի պակաս ունենք, ներկա ապաշնորհ իշխանավորները պետության ողջ բյուջեն և ներուժը վատնում են նմանօրինակ համակարգերի ներդրման և սեփական աթոռի բռնի ուժով պահպանման և վերարտադրման վրա։ Դեռ մի բան էլ չեն խորշում հոգևոր և ազգային կառույցների վարկաբեկմամբ զբաղվելուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը