06 03 2023

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են ԼՂ ոստիկանական մեքենայի վրա. ՌԴ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են ԼՂ ոստիկանական մեքենայի վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին և նշել, որ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։ 2023 թվականի մարտի 5-ին ժամը 10:00-ին Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստներ ևս եղել են. երկու զոհ և մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է։ Այդ փաստի կապակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»:

2023 թվականի մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ