06 03 2023

Սպանված ոստիկանները չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ․ Արտակ Բեգլարյան

Սպանված ոստիկանները չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա հարձակման վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նաեւ նշել է.

« 1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում էոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում:

Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ:
Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան:
Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:
Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում:
Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ:
Եթեըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչու՞ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից:
Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ:

Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ:

Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ:

Հ.Գ. Խորին վշտակցությունս զոհված ոստիկանների հարազատներին և շուտափույթ բուժում վիրավոր ոստիկանին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ