05 03 2023

Ո՞վքեր են այսօր զոհված ոստիկանները

Ո՞վքեր են այսօր զոհված ոստիկանները

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկություն.

Արմեն Մայորի Բաբայան

Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:

1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:

2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:
2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

Դավիթ Վալերիի Դանիելյան

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի  տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:

2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

Արարատ Թելմանի Գասպարյան

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը:
2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում:

2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ