Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 25-ամյա երիտասարդնի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ միջնորդությունը ներկայացվել է այսօր և դեռևս չի քննարկվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քացաքացիների ուղղությամբ։ Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն՝ անվադողերի ուղղությամբ, ավելի ուշ վարորդը թողել է մեքենան և դիմել փախուստի։
Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայի ղեկին Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։
Խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված։ Վարորդը ձերբակալվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը