11 02 2023

Շրջափակման հետևանքով Արցախում գործող գորգագործական ընկերությունում ավելի քան 40 աշխատակից պարապուրդի է մատնվել

Շրջափակման հետևանքով Արցախում գործող գորգագործական ընկերությունում ավելի քան 40 աշխատակից պարապուրդի է մատնվել

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով՝   «Արցախ Կարպետ»  գորգագործական ընկերության  45 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել :

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախ Կարպետ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ շրջափակման պատճառով կանգնել են ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքը շուկա արտահանելու խնդիրների առջև, քանի որ  իրացումը կատարվում է  Երևանում գործող խանութ-սրահի միջոցով:

«Հումքի խնդրով  պայմանավորված՝   չենք  կարող  նոր աշխատանք սկսել, իսկ  ունեցածով  կարողացել ենք միայն ավարտին հասցնել կիսատ մնացած գորգերն ու կարպետները:  Բոլոր աշխատողներն այժմ  հարկադրված պարապուրդի են մատնվել: Ընդ որում այս աշխատանքը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է: Աշխատանքից ոչ ոքի չենք ցանկանում հեռացնել, որովհետև խնդիրը նախ բարոյական նշանակություն ունի,  իսկ բացի այդ, նաև մասնագետներ կորցնելու տեսանկյունից է կարևոր : Գորգ գործելու  համար տարիներ շարունակ մենք  պատրաստել ենք աշխատակիցներին, ովքեր  վարպետների հետ  ուսուցման  տևական փուլեր են անցել»,-մանրամասնեց Սևակ Խաչատրյանը:

Ավելի վաղ, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:
Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է՝ անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով. արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ