Զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների մեջ է նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականը՝ Աղասի Մաթեւոսյանը:
«Աղասի Մաթեւոսյանն ու եւս 3 անձ կալանավորվել են 2 ամսով»,- հայտնեցին Դատախազությունից։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը