09 02 2023

Առկա չէ գեթ մեկ ապացույց․ Արմեն Չարչյանի փաստաբան

Առկա չէ գեթ մեկ ապացույց․ Արմեն Չարչյանի փաստաբան

Արմեն Չարչյանի փաստաբան  Էրիկ Ալեքսանյանը գրում է․

ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Արմեն Չարչյանին վերագրվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալը։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքի կողմը, վկայակոչելով նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի եւ նույն օրենքի 250-րդ հոդվածի 4 մասի պահանջները, որոնց համալիր վերլուծությունը վկայում է այն մասին, որ փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե ներկայացված նյութերը բավարար չեն առաջադրված հարցերին պատասխանելու համար եւ արդունքում պետք է կազմի եզրակացություն, որը կբովանդակի բացառապես առաջադրված բոլոր կամ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում, ըստ էության շեշտադրում են արել այն բանի վրա, որ Ա.Ս-ի վերաբերյալ փորձաքննությունն իրականացվել եւ ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, դրանով իսկ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված 85-րդ եւ 250-րդ հոդվածների պահանջները։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքի կողմը «նյութերի անբավարարությունը» կապում է փորձաքննվողի անձամբ չհետազոտվելու հանգամանքի հետ։

Այսպես. Նախ նշենք, որ փորձաքննությունը իրականացվում է 2 փուլով՝ 1. հիվանդի բժշկական փաստաթղթերի հետազոտումը, 2. հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտությունը։

Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակներեւ է դառնում, որ առկա չէ գեթ մեկ ապացույց, որը կհաստատեր այն հանգամանքը, որ փորձաքննվողի առողջական վիճակի վերաբերյալ առկա եւ նախորդ փորձաքննության ժամանակ որպես ելակետ ընդունված բժշկական փաստաթղթերը որպես այդպիսիք անբավարար են եղել փորձաքննության իրականացման եւ ավարտման համար։ Հակառակը՝ Մեղադրանքի կողմի ներկայացված փաստերն այն մասին են, որ փորձաքննության լիարժեք ավարտման համար, եւ /կամ/ առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ էր փորձաքննվողի կլինիկական հետազոտումը։

Նշվածը բնավ չի նշանակում, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել «նյութերի անբավարարության» իրավիճակ, քանզի օրենսդիրը սահմանելով «նյութ» եզրույթը տվյալ պարագայում նկատի է ունեցել դրա փաստաթղթային նշանակությունը, հետեւաբար հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտության բացակայությունը չի կարող նույնանալ «նյութերի անբավարարության» չափանիշի հետ։ Ուստի դատախազության այն պնդումը, որ Արմեն Չարչյանը անտեսել է ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածների պահանջները՝ հիմնավոր չեն։

Բացի այդ, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Արմեն Չարչյանը տվյալ իրավիճակում հանդես գալով որպես փորձագետ չի կատարել կամ թերի է կատարել իր վրա ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածներով դրված պարտականությունը, ապա իրավաբանորեն փորձագետը չի հարող ենթարկվել քրեական պատասխանատվության լոկ այս կամ այն դատավարական պարտականության չկատարման կամ թերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձագետի ՀՀ քր.դատ. օրենսգրքով սահմանված կոնկրետ այս կամ այն դատավարական պարտականության չկատարումը միեւնույն ժամանակ ՀՀ քրեական օրենքի հատուկ մասով նախատեսված է որպես քրեորեն հետապնդելի արարք։ Սույն պարագաում ՀՀ քր.դատ. օր-ի 85 եւ 250 հոդվածներով նախատեսված փորձագետի պարտականությունների չկատարման հանգամանքը քրեական օրենքով հանցատեսակ չէ։ Հետեւաբար մեղադրանքի կողմի այն պնդումը, որ Արմեն Չարչյանի կողմից ենթադրյալ չկատարված դատավարական պարտականությունը (պրոցեսուալ առումով) հանգեցնում է քրեական պատասխանատվության, առնվազն իրավաբանական պնդում չէ։

Նկատի ունենալով, որ ակնհայտ կեղծ եւ անհավաստի եզրակացության իրավատարբերակման վերաբերյալ առկա չէ Բարձր դատական ատյանի իրավական դիրքորոշում, ուստի ստիպված եմ հիշատակել հայ եւ ռուս քրեագետների այն կարծիքը, համաձայն որի այդ հասկացությունների հիմնական տարբերությունը կայանում է հետեւյալում.

Ակնհայտ կեղծ եզրակացությունը տարբերվում է անհավաստի եզրակացությունից նրանով, որ՝

  1. Իսկզբանե եզրակացության մեջ գիտակցաբար ներառվել եւ օգտագործվել են կեղծ տվյալներ,
  2. Եզրակացությունը տրվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից,
  3. Փորձաքննության կատարման ժամանակ թույլ է տրվել ընթացակարգային խախտում, ներառյալ գոյություն չունեցող կամ աղավաղված տվյալների կիրառմամբ:

Եվ ամենակարեորը. քրեագետների գերակշռող մասն այն կարծիքին են, որ փորձագետի կողմից փորձաքննութրան կատարման ժամանակ թերի հետազոտության պատճառով հանգած սխալ հետեւությունը չի կարող պարունակել ակնհայտ կեղծ եզրակացության հատկանիշներ, այլ ընդամենը այն կարող է պարունակել առավելագույնն անհավաստի եզրակացության հատկանիշներ։ Իսկ տվրալ դեպքում մեղադրանքի կողմի այն հիմնական պնդումը, որ փորձաքննությունը Ա.Ս-ի պարագայում ավարտվել է առանց նրա կլինիկական հետազոտության, վկայում է այն մասին, որ դատախազությունը պարզապես շեշտադրում է կատարում ենթադրաբար կատարված թերի հետազոտության վրա, որն ինչպես պարզ դարձավ ինքնաբերաբար չի հանգեցնում եզրակացության հենց ակնհայտ կեղծ լինելուն (ընդամենը կարող է պարունակել անհավաստի եզրակացության հատկանիշներ, սակայն դա էլ է դեռ վիճելի)

Դեռես այսքանը։

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ