Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։00-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ավագ պարեկ Արթուր Գրիգորյանին և կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն «Աբովյան» ԲԿ։
Տեղում վրաերթի ենթարկված պարեկների աշխատանքը շարունակել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հովսեփյանը, կրտսեր պարեկներ Ստեփան Կոյումջյանը և Կարեն Սախոյանը, քանի որ վաղ առավոտվանից նշված հատվածում ճանապարհի մերկասառույցը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհի մերկասառույցը վերացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ու Կոտայքի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Ա. Սահակյանի, ավագ տեսուչ Ա. Ասատրյանի և 2-ր վաշտի հրամանատար Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարել իրենց հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում, ինչի շնորհիվ էլ կանխվել են բազմաթիվ վթարներ, ուր նշված վայրում ծառայություն կատարելիս պարեկները վրաերթի են ենթարկվում։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը