02 02 2023

Շրջափակման պատճառով Արցախի գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել

Շրջափակման պատճառով Արցախի գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել

 Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։

«Վիճակը հատկապես կրիտիկական է  խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, նաև այն փաստով, որ  2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է: Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Առստամյանը։

Փոխնախարարի խոսքով`  նշված կերերի պակասը որոշ ժամանակ կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց հետագայում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, քանի որ պաշարը, բնականաբար, անսպառ չէ:

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ Տիգրան Առստամյանն ընդգծել է` հստակ հնարավոր չէ նշել, թե որքան կբավարարեն:

«Մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով (սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա  քանակն անբավարար կարելի է համարել,  սակայն նվազագույն զամբյուղի հաշվարկներով արտադրանքի քանակը բավարար է: Այս օրերին շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում, ինչը պայմանավորված է սեզոնային որոշ առանձնահատկություններով: Արդեն գարնան ամիսներին այս հարցը  կկարգավորվի՝ նորածին գառների և մատղաշների հասունացմամբ պայմանավորված»,-իրազեկել է նախարարի առաջին տեղակալը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ