28 01 2023

Մտածում եմ՝ տղաներին վերացրել են, որովհետեւ ինչ-որ բան են իմացել. Հայկի ընտանիքը չի հավատում պաշտոնական վարկածին․ News.am



News.am-ը գրում է․ Արդեն 9 օր է՝ Մեծամորի բակերից մեկում լռել է ամենօրյա աղմուկը․ ողբերգական հրդեհի զոհերից մեկի՝ Հայկի հարազատ թաղամասում։

Կիրակոսյանները նախորդ ձմռանն էին Հայկին բանակ ճանապարհել։  Հինգ ամիս Վարդենիսում  ծառայելուց հետո նա տեղափոխվել էր Ազատ գյուղ՝ ինժեներական զորքեր։ Սեպտեմբերյան մարտերից հետո Հայկին ավագ սակրավորի պարտականություններ էին տվել։

Ազատ գյուղ տեղափոխվելուց հետո ընտանիքը Հայկին մի քանի անգամ այցելել է, բայց կացարան չեն մտել։ Որդուց տեղեկացել են՝  տղաներն իրենք են իրենց համար կենցաղային նվազագույն պայմանները ստեղծել, սեփական միջոցներով ջրագիծ անցկացրել, հոսանքի բաց լարերը փակել։ Գիտեն նաեւ, որ ծնողներից մեկն էլ տղաներին լվացքի մեքենա էր ուղարկել։

Հայկը մինչեւ ողբերգական դեպքին նախորդող մի քանի օրը ծառայությունից չի բողոքել։ Միայն հոր հետ վերջին զրույցներից մեկում պատմել է, որ ծառայակիցներից երկուսի ու Գոռ անունով դասակի հրամանատարի միջեւ լուրջ միջադեպ է եղել։ 

«Դեպքից երկու օր առաջ խոսեցինք, ասաց՝ վեճ, խոսակցություն է եղել, դրանից մի չորս օր առաջ ռազմական ոստիկանությունը գնացել էր ստուգման, հեռախոսներ էին գտել զինվորների մոտ, շատ մանրամասն չեմ կարող ասել, իրենց հրամանատարի վրա խոսակցություն էր եկել, հրամանատարն էլ ճշտել էր երեւի՝ ում էր պատկանում այդ ամեն ինչը, խփել էին իրար, ասում էր՝ չէի կողմնորոշվում՝ ինչ անեի, եղած զենքս ձեռքս դրեցի, վազում էի աջ, վազում էի ձախ, բաժանել է։ Ասում է՝ գնացի Գոռին թիկունքի կողմից բռնեցի, քաշելով տարա մի ուրիշ տեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Գոռի ազգանունն ու կոչումը Հայկի ընտանիքը չգիտի։ Որդին միայն ասել է՝ դասակի հրամանատար է։  Նրանից Հայկը երբեք չի դժգոհել, ասել է, որ լավ է վերաբերվում իրենց։ Բայց այդ միջադեպից հետո Հայկը հորն ասել է՝ ուզում է տեղափոխվել, այլեւս չի կարողանում ծառայությունը նույն տեղում շարունակել։

«Չես կարող ասել՝ կարող է շատ լավ մարդ լինել, մեկի հետ կոնֆլիկտ ունենալ ու այնքան հիմար լինի, որ այդքան երեխու․․․ չեմ ուզում հավատալ․․․ այդքան երեխու հետ այդպես վարվի երկուսի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով, չգիտեմ․․․Այդ երկու օրն ամեն խոսակցության ժամանակ դա էր շեշտում, ասում էր՝ պապ ջան, այստեղի համը հելել է»,- նշեց Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկը երբեւէ չի խոսել կապիտանի մասին, որին մեղսագրվում է 15 զինծառայողի անզգուշությամբ մահվան հասցնելը։ Նրանք անակնկալի են եկել, երբ իմացել են, որ տղաների հետ կացարանում կապիտան է եղել։

«Ես չեմ էլ իմացել, որ այդտեղ իրենց հետ կապիտան  կա, ես մտածել եմ, որ Գոռն է, որովհետեւ ասում էր՝ մինչեւ ուշ ժամ մնում է, թողնում-գնում, մենք էլ, որը վերակարգ չի կանգնելու, քնում էր, մյուսներն էլ ժամը դնում-արթնանում, իրար փոխում էինք։ Ես չեմ էլ իմացել, որ իրենց հետ կապիտան է մնում։ Հայկս միշտ Գոռի մասին էր խոսում, ասաց՝ 28 տարեկան տղա է, ես դա եմ հիշում, թե հիմա կոնկրետ ով է՝ չգիտեմ»,- ասաց Գաբրիել Կիրակոսյանը։

Ողբերգության օրը Հայկը վերակարգ պետք է ընդուներ գիշերը ժամը երկուսից չորսի սահմանում։ Նվազագույնը մինչեւ 00։30 արթուն է եղել, հորաքրոջ որդու ու ընկերոջ հետ է հեռախոսով խոսել։ Հայկը սեպտեմբերյան մարտերից հետո շատ զգայուն էր դարձել քնի նկատմամբ, դժվարությամբ էր քնում, ամեն աղմուկից՝ արթնանում, ինչպե՞ս կարող էր չզգալ, որ կրակն իրենց է հասնում, ինչպես կարող էր չարթնանալ գոռգոռոցներից։

Ծնողները որդու մահվան նախնական պաշտոնական վարկածին չեն հավատում, բայց  սեփական վերլուծությունների մեջ էլ՝ խճճվում են։ Ինչպե՞ս կարող էր սպան, որին երկու տասնյակ զինվորի կյանք էր վստահվել, չիմանար, որ վառարանի մեջ բեզնին լցնելը հրդեհի կհասցներ։ Ինչո՞ւ է վառարանը վառվել այն ժամանակ, երբ տղաներն արդեն քնած են եղել, եթե քնած են եղել։ Ինչու են տղաներին մահացած գտել՝ մահճակալներին բուշլատներով եւ զինվորական կոշիկներով պառկած, հատկապես որ Հայկը հաճախ է ասել, որ ննջասենյակը փոքր է, շոգ է լինում։ Ինչու է փակ եղել ննջարանի դուռը, ինչպես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հրդեհից փրկված  զինծառայողներից մեկը։ Ի՞նչպես կարող էր պատահել, որ մարզված 10-ից ավելի տղաներ դուռը չկարողանային կոտրել։ Ո՞ւմ է վազելիս դիպչել հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողը, եթե պաշտոնական տվյալով՝ տղաներից 14–ին մահճակալներին անշնչացած են գտել։

Այս հարցերը միայն ու միայն փակուղի են տանում Հայկի  ծնողներին, բայց մեկ բան հստակ դարձնում՝ կատարվածը դիտավորություն է։ 

«Երեխեքին քնեցրել են կամ թունավորել, երեխեքն արդեն չեն եղել, էդ էլ իրենց հետքերը ծածկելու համար հրդեհը կազմակերպել են։ Այնքան հարցեր եմ տալիս ինքս ինձ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվել։ Դա միայն գիտեն անողն ու երեխեքը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ երեխեքն ինչ-որ բան են իմացել իրենց գործերին վերաբերող, վախեցել են, որ երեխեքը կարող է ամեն ինչը բացահայտեն ու երեխեքին վերացրել են։ Ես չեմ հավատում ոչ մի վարկածի։ Սպանել են իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Արմինե Աղախանյանը։

Դեպքից մեկ շաբաթ անց Հայկի ընտանիքին Պաշտպանության նախարարության որեւէ պաշտոնյա չի այցելել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ