22 12 2022

Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների

Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների

«Ամերիկայի Ձայնը» գրում է․ Քաղաքական վերլուծաբանները միակարծիք են այն հարցում, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, այլապես այն կարող է դիտվել որպես ազգային մաքրազտման փորձ, ինչը ՄԱԿ-ի օրենքների համաձայն, համարվում է ծանրագույն հանցագործություն: Փոքր չի այն փորձագետների թիվը, որոնց կարծիքով այս ամենը մի օր կարող է գործել ընդդեմ Բաքվի:

Դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ մնալ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կապող միակ ուղին` Լաչինի մարդասիրական միջանցքը, ինչի արդյունքում ավելի մեծ ստվեր է ընկնում ռուս խաղապահաների դերի վրա, որոնց հետ կապված, 44-օրյա պատերազմից հետո առկա էր հույսի նշույլ: Հակառակ սրան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան փորձում էր վստահեցնել, որ ‘’ռուս խաղաղապահները շարունակում են հանդիսանալ տարածաշրջանում կայունության երաշխավորը և արդյունավետորեն են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները’’:

Ռազմական վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնի կարծիքով, ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում բավականին փոքր է՝ շուրջ 2000 զինծառայող, հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:

‘’Ջարդերն ու բռնի տեղահանությունները նորություն չեն հայերի համար, որոնք 20-րդ դարասկզբին արդեն իսկ ենթարկվել են ցեղասպանության’’, ''Ամերիկայի Ձայն''-ի Հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է միջազգային քրեական հարցերով իրավաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Շեյլա Փայլանը, որն ավելի քան 15 տարի աշխատել է որպես Միավորված ազգերի կազմակերպության իրավախորհրդատու: Նա շատ վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ներկա հայտարարություններն այն մասին, որ ‘’չկա հայ ազգ, եւ որ հայերը չունեն այս տարածաշրջանի որեւէ հատվածում ապրելու իրավունք’’: Նա հիշեցնում է ցեղասպանությունները կանխելու նպատակ ունեցող միջազգային կազմակերպություններին, որոնք հնչեցնում են ցեղասպանության տագնապի ազդանշան:

‘’Կարծում եմ, որ վերջին ժամանակներս մեծ ու դրական տեղաշարժ է եղել միջազգային կազմակերպությունների ու միջազգային համայքնի կողմից մասնակցության հարցում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և առանձին անդամ պետությունների աճող թվաքանակն աստիճանաբար հանդես են գալիս ավելի համարձակ և ավելի խիստ հայտարարություններով:

Նրա խոսքերով, սա նշանակալից քայլ է, քանի որ Ադրբեջանը չի կարող անտեսել Անվտանգության խորհրդի այդքան հստակ կոչը՝ առանց որևէ արձագանքի:

Ինչպես միջազգային քրեական հարցերով իրավաբանն է ասում, Ադրբեջանի միակ խելամիտ քայլը շրջափակման վերացումը պիտի լինի:

‘’Միջազգային համայնքը պիտի անի ամեն ինչ, որպեսզի չկրկնվեն նախկինում տեղի ունեցած ողբերգությունները, ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ տեղի չունենա ազգային մաքրազտում’’, ասում է նա:

‘’ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն, միջազգային հանրությունը կարող է ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել, այդ թվում կարող է հաստատել խաղաղապահ այնպիսի առաքելություն, որը կարող է ստանալ ռազմական գործողությունների դիմելու թույլտվություն’’, ասում է Շեյլա Փայլանը:

Վերլուծաբան Ջոշուա Կուցերան ‘’Եվրասիանետ’’ պարբերականում վերջերս գրել էր, որ աշխարհի անտարբերությունն ու դյուրահավատությունը պարզապես կարող են քաջալերել Բաքվի բռնապետին: Նա շեշտում է, որ այսօր խորանում է խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ ավելացնում, որ այդ ուժերի դեմ Բաքվի հակազդեցությունը կարող է ի վերջո շրջվել հենց ընդդեմ Բաքվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ