hraparak.am-ը գրում է․
Լրագրողներն այսօր խորհրդարանում ֆիքսել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի աշխատասենյակ։
Hraparak.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակով էր ԱԺ նախագահն այցելել իր աշխատասենյակ, Աղվան Վարդանյանը տվեց շատ փիլիսոփայական պատասխան․ «Հրավիրել էի իմ աշխատասենյակ՝ իմ սենյակը տեսնելու, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի նկարները, Էդուարդ Խարազյանի գեղանկարը տեսնելու»։
-Իսկ այս թեժ պահին ինչո՞ւ հանկարծ Ձեզ մոտ այդպիսի մշակութային հրավեր ուղարկելու ցանկություն առաջացավ։
-Մշակույթը միշտ անհրաժեշտ է։
-Քաղաքական հարցեր չե՞ք քննարկել։
-Ոչ, քաղաքական հարցեր չեմ քննարկել։
-Հիմա ընդդիմությունն ու իշխանությունը, փաստորեն, իրար հետ մշակութայի՞ն հարթության վրա են շփվում։
-Դա քո եզրակացությունն է։ Ես ընդդիմություն չեմ, ես Աղվան Վարդանյանն եմ եւ միշտ իշխանություն եմ։
-Իսկ պարոն Սիմոնյանն ի՞նչ գնահատական տվեց Ձեր մշակութային ժառանգությանը։
-Դա իմ մշակութային ժառանգությունը չի, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։
-Որի մի մասը Ձեր կաբինետում է հայտնվել։
-Չէր հայտնվել, ես էի բերել։
-Լավ, ինչպե՞ս վերաբերվեց Ալեն Սիմոնյանը հայ ժողովրդի ժառանգությանը։
-Հիացմունքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը