ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց վաղը գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
Օրակարգային առաջին հարցը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որը հանձնաժողովում ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նախագծով նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ-ից և այն դարձնել առանձին մարմին, որը կլինի վարչապետին ենթակա:
Սահմանափակվում է նաև ՀՀ պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող պետական պահպանության ժամկետը: Պաշտոնաթող նախագահի համար հանրապետության տարածքում սահմանվելու է 7 տարի ժամկետ , իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի, որից հետո պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը որոշելու է գործող վարչապետը: Պաշտոնաթող Հանրապետության նախագահների և վարչապետերի՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող նախագահները կամ վարչապետերը կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ իր պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն կտրամադրվի նաև Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը