Ի՛նչ է անում թշնամին, այսինքն՝ ի՛նչ են անում Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունեցող ու այն քայլ առ քայլ իրականացնող արևելյան ու արևմտյան թուրքերը: Լրահոսին հետևողները տեղյակ են. թուրքական ու ադրբեջանական բանակները, ի դեպ, մեր պատմական հողերի վրա, տանկերով-բանով զորավարժություններ են անցկացնում: Ու այդ զորավարժությունների հնարավոր սցենարները, կարող եք չկասկածել, Հայաստանի այս կամ այն մասը, զավթելը, կոտորելը, բռնաբարելը, մորթելն է:
Ի՛նչ է անում Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանը, ինչ են անում նրա քպ-ական նիկոլփաշինյանները, ինչ են անում հազարավոր սպառողներ, որոնք իրենց հայ ու մարդ են համարում: Ճի՛շտ է, «Մանկական եվրատեսիլ»-ի բացում են անում ՀՀ գլխավոր հրապարակում, «գլխավոր» տոնածառի լույսեր են միացնում ու զմայլվում են իրենց նման սնամեջ հրավառությամբ:
Եթե Հայաստանում ինչ-որ տեղ է մնացել, որտեղ արժեր իսկապես էլ «սալյուտ խփել», ասենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի օգոստոսյան «հրավառության» տարբերակով, ապա դա Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գլուխներն են: Ըստ որում՝ սալյուտը ներսից թող խփեն: Եթե այդ տարբերակը շատ դաժան է թվում, ապա կարող են դիմել Նիկոլի «Երևանի քաղաքապետարան» հիմնարկին, թող իրենց վրա տոնական լույսեր կախի, պայմանով, որ այդ լամպերը պահող մեխը իրենց ճակտին մեխվի: Դրանից հաստատ պատմական հուշարձանները չեն տուժի, էլ չասած, որ անդառնալիորեն վնասված հուշարձանները բազմապատիկ արժեքավոր ու կարևոր են, քան նիկոլական չինովնիկների խավարածին գլուխները:
Լավ, ի՞նչ էր կատարվում դեկտեմբերի 5-ի ուշ երեկոյան Հայնրապետության հրապարակում: Այն, ինչ կատարվում էր, կարելի է խիստ հակիրճ բնորոշել որպես՝ «հրավառված բարոյազրկում»: Միակն, ինչ զարմանալի էր, այն է, որ «գլխավոր տոնածառն», այնուամենայնիվ, «Եռաբլուրում» չեն տնկել ու իրենց հորթահրճվանքային «սալյուտն» էլ զոհված մեր զինվորների շիրիմների գլխավերևում չէին «գըմփացնում»: Չնայած, թեկուզ մեկ միլիգրամ խիղճ և կես միլիմետր ազգային ինքնություն ունեցող ցանկացած հայ մարդու համար պիտի որ տարբերություն չլիներ. դա Հանրապետության հրապարակո՞ւմ է տեղի ունենում, թե՞ զինվորական պանթեոնում:
Այդ ո՞ր արածներիդ վրա եք տոնական սալյուտ խփում, այդ ինչի՞ համար եք այդպես հորթատռճիկ հրճվում...
Նրա՞ համար, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկին «ժողվարչապետ» դարձրեցիք ու նրա և նրա խամաճիկների միջոցով թշնամուն հանձնեցիք Արցախի մի մեծ մասը: Թե՞ այն բանի համար եք սալյուտ խփում, որ հազարավոր լույս-տղաների, որոնց ճկույթի եղունգի ծայրն էլ չարժեք, ձեր պաշտած Նիկոլն ու նրա կինը կոտորածի ու մահվան մատնեցին: Այն պատճառո՞վ չեք արդյոք «տռճիկ տալիս», որ ազատ ու ազատագրված Արցախը, ավելի ճիշտ՝ Արցախի մնացորդներն այլևս ձեր «դոստ» ու ձեր «քիրվա» ադրբեջանական թուրքերի հայակեր ճիրաններում են, ըստ որում, ամեն պահի՝ բացարձակ շրջափակման և հոշոտման ռեալ սպառնալիքի տակ:
Թե՞ նրա համար չեք այդպես լուսակոլոլվել, որ վերջապես կարողացաք թուրքին բերել ու դիրքավորել Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի գլխին ու այնպես, որ ցանկացած պահի, կարող են գնդակոծել ու հրետակոծել ջերմուկցիներին, վարդենիսցիներին, գորիսեցիներին, կապանցիներին: Չնայած, ձեզ դրանից ի՞նչ, չէ՞: Վերջին հաշվով, դուք Երևանի կենտրոնո՜ւմ, ապահո՜վ, խաղա՜ղ, թուրքի հետ «խաղաղության օրակարգին» տրվա՜ծ... Պա՜հ, մեծ բան է, էլի, ընդամենը երեք ամիս առաջ մի քանի հարյուր երեխա է զոհվել՝ ձե՛ր ընտրած ու կռապաշտած Նիկոլ Փաշինյանի ու նրա «խաղաղության օրակարգի» հետևանքով: Թեպետ ինչո՞ւ միայն Նիկոլ Փաշինյանի: Բոլորդ, ովքեր 2018-ին «Նի-կոլ, Նի-կո՜լ...» էիք գոռում, բոլորդ, ովքեր «քաղաքականությամբ չէիք հետաքրքրվում», բոլորդ, ովքեր ինչ-որ երևակայական ու ձեր «թիթեռնիկ»-փողկապի նախշին համապատասխան «լիձեռ» էիք որոնում կամ տենչում, բոլորդ, ովքեր հրապարակի լույսերի ու հրավառության տակ տոնական «շախ էիք տալիս», զոհվածների արյան մեղքի տակ եք: Բոլո՛րդ: Անկախ այն բանից, թե դա որքանով եք գիտակցում, եթե առհասարակ, գիտակցում եք, թե ինչ եք անում:
Հազարավոր երիտասարդների կորցրած, Հայրենիքի տարածքի ահռելի կորուստ ունեցող ու կոտորածային պատերազմի շեմին կանգնած երկրի հանրույթի մի նկատելի կտոր պատրաստվում է ճոխագույն «Նոր տարի անել», տրվել զեխության ու որկրամոլության, տոնածառ ու տո՛ն է հրավառում...
Էս չե՞ք...
Դա ավելին է, քան պարզապես խրախճանքը՝ ժանտախտի ժամանակ: Դա ավելին է, քան պարզապես բարոյազրկումը: Դա թերևս զանգվածային մուտացիա է ու, որպես հետևանք՝ մարդկային ու ազգային նկարագրի կորուստ:
Ձեր «Եվրատեսիլն» էլ կլինի, որին սպասում եք նախամարդու չտեսությամբ: Ձեր սեղանի ճարպակոլոլ բուդն էլ կլինի: «Գլխավոր տոնածառի» կուրացուցիչ լուսավորության տակ ձեր սելֆին էլ կլինի, երևի: Կլինեն ու կանցնեն: Ինչպես անցնում է ամեն ինչ:
Բայց ամենից սարսափելին այն բանի գիտակցումն է, որ դուք, ձեր տեսակը շարունակելու է լինել ու շարունակելու է ապրել նույն երկրում: Արտաքնապես մարդանման հրեշների հետ նույն երկրում նույն օդը շնչելը մղձավանջային պատիժ է:
«Սալյուտը» ձեր ներքին դատարկության մեջ խփեք:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը