«Հրապարակ»-ը գրում է․
2021-ի ամռանը գրեթե բոլոր ԶԼՄ-ները գրեցին ԵՄ աննախադեպ աջակցության մասին՝ 2,6 մլրդ եվրոյի չափով, որի նպատակն Արեւելյան գործընկերության երկրներին տրվող ֆինանսական աջակցությունն էր։ Դրա մի մասը տրվելու էր նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի:
Թե աջակցության որ մասն էին վարկերը, իսկ որն էր ԵՄ-ն ուղղակի մեզ նվեր տալիս, այն ժամանակ չէին հայտնում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հապարակի» հետ զրույցում նշել էր գումարի ծախսման 5 ուղղություն՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք:
Բառակույտ, որը կոնկրետություն չի պարունակում։ Ըստ Մհեր Գրիգորյանի, այն ժամանակ՝ 2021 թ․ հուլիսին, դեռ աջակցության ծրագիրը նոր էր հաստատվել, եւ հնարավոր չէր հստակություն մտցնել։
Կառավարությունը մինչ օրս չի տեղեկացրել ծրագրի ընթացքի մասին, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ անցած մեկ տարում չի հայտնել, թե արդյոք արդեն մշակվա՞ծ են նախագծեր, որոնք կառաջարկվեն եվրոպացիներին։ Իսկ գուցե պատրաստի՞ առաջարկներ կան, որոնք սովորաբար փորձառու կառավարիչները ձեռքի տակ են ունենում՝ պատեհ առիթով հնարավոր դոնորների սեղանին դնելու համար։
Եվրոպական աննախադեպ պրոյեկտին թեթեւ անդրադարձ էր կատարել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ։ Հարցին պատասխանելով՝ մի կեսբերան ասել էր, որ ծրագրերը չեն հասցրել նախապատրաստել։ «Իրականում խնդիրն այն է, որ կառավարություն կոչվածը չի կարողանում նույնիսկ ծրագրերը գրի ու ներկայացնի»,- ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը դեռ 2021-ին էր զգուշացնում, որ հատկացվելիք գումարի փոքր մասն է միայն «նվեր»՝ 200 մլն եվրոն, իսկ մնացածը պարտք է լինելու՝ բանկերին ու մասնավոր ներդրողներին։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, որը հետամուտ է Հայաստանում ԵՄ-ի հետ կապված ծրագրերի ու միջոցառումների իրականացման ընթացքին, ասում է, որ 2,6 մլրդ դոլարի տրամադրման մասին չի կարելի խոսել։ «ԵՄ-ն Հայաստանին 2,6 մլրդ եվրո չի տվել, առավել եւս՝ չի էլ խոստացել, որ նման գումար տալու է։ Իրենց հայտարարության տեքստում ասվում է՝ «կտրամադրենք Հայաստանին որոշակի աջակցության փաթեթ եւ կդիմենք մեր գործընկեր այլ ֆինանսական կառույցներին ու կփորձենք նրանց ներգրավմամբ Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքի ծավալը հասցնել մինչեւ 2,6 մլրդ-ի։ Գրեթե բոլորի հիշողության մեջ մնաց երկու բան՝ Եվրոպական Միություն ու 2,6 մլրդ։ Շատերը որոշեցին, որ այդ գումարը տրվելու է։ Եվրոպական Միությունն ինչ-որ մի չափի գումար ասում էր՝ մենք կտրամադրենք, հետո կդիմենք այլ ֆինանսական կառույցների, օրինակ՝ Եվրոպական բանկին կամ այլ կազմակերպությունների, որ նրանք էլ իրենց կողմից նշեն, թե ինչքան ֆինանսական միջոցներ կարող են հղել։
Դա, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե օգնություն, այլ՝ վարկ։ ԵՄ-ն իր կողմից տրվելիք գումարը կոնկրետացրե՞լ է, թե՞ չէ, ի՞նչ ուղղությունների, ծրագրերի համար է տալու, ո՞ր ֆինանսական կառույցներին է դիմել, դրանք արդյոք արձագանքե՞լ են եւ ի՞նչ չափով կարող են մասնակցել պրոցեսին․ այս հարցի պատասխանն այս փուլում կարող է տալ միայն կառավարությունը, որովհետեւ մինչեւ վերջնական արդյունքը այս պրոցեսը թափանցիկ չէ՝ ում հետ բանակցեցին, ով ինչքանի համաձայնեց, արդյոք ֆինանսները ֆիքսվե՞լ են, թե՞ ոչ՝ բոլորը կառավարությունը պետք է ասի»,- ասում է Գարեգին Մելքոնյանը։
Բայց այն ժամանակ կոնկրետ ուղղություններ էին նշվում՝ «Հյուսիս-հարավ», Սյունիքի դիմադրողականությունը բարձրացնելու ծրագիր եւ այլն, դա՞ էլ ստույգ չէ։ «Առաջնային փուլում սովորաբար այդ ուղղություններն այնքան ընդհանուր են նշվում, որ դրանց մեջ ամեն ինչ կարելի է ներառել, բացի ուժային պաշտպանական բնույթի միջոցառումներից։ Սա ցանկություն է ու քաղաքական հայտարարություն, որ նման պրոցես կարող է սկսվել, բայց դրանից հետո աշխատանք էր պետք անել, հնարավորությունը վերածել իրականության։ Արվել է, թե ոչ՝ հայտնի չէ»,- պատասխանեց Մելքոնյանը։
ՀԳ․ Մոտ 10 օր առաջ դիմել էինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այս հարցերին պատասխանելու խնդրանքով։ Երեկ կրկին հետաքրքրվեցինք հարցման ճակատագրով, մեզ ասացին՝ սպասեք մինչեւ երկուշաբթի։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը