21 11 2022

ԱԱԾ-ն թաքցնում է «անցանկալի անձանց» թիվը. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն թաքցնում է «անցանկալի անձանց» թիվը. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն թաքցնում է 2022թ ընթացքում ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի էր դարձել, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը ՀՀ։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանը, նրա դուստրը՝ ՀՅԴ Նիդերլանդների ԵՄ անդամ Սյունեն։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ արգելված է նաեւ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի եւ «Ռաշա Թըդեյ» լրատվականի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի մուտքը՝ ՀՀ։ Ընդ որում, Զատուլինի պարագայում «անցանկալի անձ» ճանաչվելու մասին գործիչը տեղեկացվել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից ստացված գրությունից։

Նկատի ունենալով վերջին շրջանում զարգացումները եւ հանրային հետաքրքրվածությունը՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե 2022թ քանի անձ է ՀՀ-ի կողմից ճանաչվել որպես անցանկալի անձ, որոնց մուտքն արգելվել է ՀՀ, սակայն կառույցից հրաժարվել են տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի եւ ՀՀ կառավարության 2008թ հունվարի 25-ի թիվ 115 Ն որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող մարմինը, ինչպես նաեւ՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ ՀՀ դատարանները, ՀՀ քրեական հետապնդում իրականացնող մարմինները։

Ի դեպ, հարցմամբ լրատվամիջոցը հատուկ նշել է, որ, եթե ԱԱԾ-ն անուններ չի կարող տրամադրել, ապա ներկայացվի միայն թվային տվյալներ, ինչը, սակայն չի տրամադրվել։ Ավելին, լրատվամիջոցը չէր խնդրել հասանելիություն բանկի տվյալներին, այլ միայն թիվ, թե քանի հոգու մուտք է արգելվել Հայաստան, նրանցից քանիսն են ազգությամբ հայ։ Սակայն ԱԱԾ-ն անհասկանալի մեջբերմամբ, դրսեւորելով կամայականություն, հրաժարվել է տրամադրել տեղեկություն։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ի կողմից հիշատակված օրենքի եւ որոշման համաձայն՝ որեւէ խոսք չկա, որ բանկից օգտվելու իրավունք ունի ՀՀ վարչապետի աշխատակազմը, հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչպես է Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը տրամադրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, որն էլ պարզաբանումներ էր ներկայացրել՝ որոշման առնչությամբ։ Ասել է թե՝ ԱԱԾ-ն մի դեպքում երրորդ անձին՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին է տրամադրել Մուրադ Փափազյանին առնչվող տեղեկությունը, ինչի իրավունքը չուներ, լրատվամիջոցի պարագայում՝ մերժել։ Եթե արդեն այդ տեղեկությունը գաղտնազերծվել է, հետեւապես հասանելի պետք է լինի բոլորին, եթե ոչ՝ պետք է քրեական գործ հարուցեն նաեւ Փաշինյանի աշխատակազմի կողմից գաղտնիք համարվո», առանց Մ.Փափազյանի թույլտվության իր վերաբերյալ տեղեկությունը տարածելու համար։

Ինչ վերաբերում է Կոնստանտին Զատուլինին եւ Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու եւ նրանց մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ հարցադրմանը, ապա ԱԱԾ-ն այդ մասով եւս մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով, թե դա խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ անցանկալի անձ ճանաչվելու մասին տեղեկությունը հայտնել են հենց իրենք՝ Զատուլինը եւ Սիմոնյանը, իսկ Սիմոնյանը նույնիսկ հորդորել էր ՀՀ իրավապահներին՝ հայտնել իրեն անցանկալի անձ ճանաչելու հիմքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ