16 11 2022

Քիչ է մնում միջազգային բաց մրցույթ հայտարարեն՝ «Ով գործ կտա Արմեն Աշոտյանի վրա» թեմայով․ Արմեն Աշոտյան



Ինչպես հայտնի է,  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է․ Արմեն Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Ինչպես հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց բանախոսն իրեն մեղադրանք չի առաջադրվել։

 «Գիշերվա կեսին՝ ժամը 03.00-ի սահմաններում, երբ մոտեցա անձնագրային ստուգման հատվածին, ԱԱԾ աշխատակցի դեմքին զարմանք եղավ, ես մոտ 15-20 րոպե ստիված էի սպասել, որովհետև իրենց համար անակնկալ էր, որ իմ՝ մեկնելու վրա կար ինչ-որ ահազանգ։ Մոտ 30 րոպե հետո մոտեցան և ասացին, որ չեն կարող թույլ տալ մեկնել ՀՀ-ից, իրենց ասել են, որ մեղադրյալ եմ ինչ-որ գործով, փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, որ ՔԿ քննիչի հեռախոսահամարն էր, որը քննում է ԵՊԲՀ վերաբերյալ սկանդալի վերածված գործը»,-նշեց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցներն օդանավակայանում իրենց պահում էին շատ կոռեկտ, ակնհայտ էր, որ խնդիրը եկել է ՔԿ-Դատախազություն սիամական երկվորյակների վերածված դուետից։

«Պարզվում է, որ ես իբր թե անցնում եմ որպես մեղադրյալ ինչ-որ մի գործով, մինչդեռ, այս պահի դրությամբ ես որևէ ծանուցում չունեմ՝ մեղադրյալ լինելու մասին։ Անհասկանալի է՝ ինչ գործով եմ անցնում և ինչ կարգավիճակով եմ»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ ծանուցման բացակայության պայմաններում իր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին որոշում, որը պետք է հաստատվեր՝ իր ստորագրությամբ, ինչը չի արվել. «Ես չեմ ստորագրել, որովհետև ես մեղադրյալ չեմ ու ոչ ոք ինձ չի ծանուցել․․․  Այս աստիճանի լկտիություն, ցինիկություն չէր կարող պատկերացնել՝ անգամ Նիկոլ Փաշինյանի նման մարդուց։
Այս կերած բողկերը շատ ավելի մեծ են՝ քան ՔԿ կամ Դատախազության ղեկավարների գլուխները։ Նրանք իրենց գլխից մեծ բողկ են կերել և, ակնհայտ է, որ նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել բացառապես մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե նախորդ բոլոր խնդիրներում՝ իմ անձի հետ կապված՝ առանց ծանուցման բերման են ենթարկում ԵՊԲՀ նախկին ռեկտորին, աշխատակիցներին և այլն, երբ քիչ է մնում միջազգային բաց մրցույթ հայտարարել՝ «Ով գործ կտա Արմեն Աշոտյանի վրա» շարադրությունների և հաղթողին դրամական խոստում տալ, դա իրականացվում էր ՔԿ ղեկավարի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով, ապա ակնհայտ է, որ այսպիսի բողկ կարող էր ուտել միայն պայմանական մարդը»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ դատախազությունն ու ՔԿ-ն պասերով են խաղում, վստահ է՝ այժմ հետին թվով իրեն մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ