01 11 2022

Գործունեությանս կիզակետում լինելու է Տավուշը. Գառնիկ Դանիելյան

Գործունեությանս կիզակետում լինելու է Տավուշը. Գառնիկ Դանիելյան

Yerkir.am–ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:

- Պարո՛ն Դանիելյան, այս ծանր, ճակատագրական շրջափուլում օրերս ստացաք Ազգային ժողովի պատգամավորական մանդատը: Իբրև պատգամավոր Ձեր առաջին ծավալուն հարցազրույցի առաջին հարցը՝ ո՞ր ոլորտներում եք  տեսնում  Ձեզ  և  ի՞նչ  ձևաչափերով  եք  կազմակերպելու  պատգամավորական  աշխատանքը:

- Շնորհակալ եմ  այս հնարավորության  համար: Միանգամից  ասեմ՝  զբաղվելու  եմ  հիմնականում  մարզային  խնդիրներով, կիզակետում, բնականաբար,  Տավուշն է լինելու, իր  օրախնդիր հարցերով: Աշխատանքներս  կազմակերպելու  համար շուտով  Իջևանում  կբացվի  իմ  գրասենյակը,  և  միանգամից կանցնեմ գործի:

- Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք Տավուշի մարզում: Ազգաբնակչությանը, բնականաբար, կհետաքրքրի դրանց լուծման կոնկրետ առաջարկներն ու ուղիները: Տեսանելի՞ են դրանք Ձեզ:

- Ներկա իրողություններով պայմանավորված՝ ես երկու բլոկի կբաժանեմ Տավուշի առջև ծառացած հիմնահարցերը: Առաջինը՝ անվտանգությանն առնչվող հարցերի խումբն է: Մենք 1990-ական թթ. ապրում էինք սահմանային պարբերական լարվածության պայմաններում: Բայց նաև հանգիստ էինք, քանզի ունեինք հզոր բանակ և պաշտպանական ամուր համակարգ: Այսօր ոչ միայն «խաղաղության» կեղծ օրակարգի թմբկահարմամբ  կազմալուծվում է բանակը, այլև, այսպես կոչված, «անկլավների» հանձնման ու սահմանազատման տխրահռչակ օրակարգով պայմանավորված՝ կազմաքանդվում է մեր երկրի պաշտպանական համակարգը: Ցավոք, այդ հարվածների առաջին թիրախում Տավուշի մարզն է: Այս խնդիրներն օր ու գիշեր լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

- Մի փոքր կկոնկրետացնե՞ք՝ ինչպիսի՞ իրավիճակ կառաջանա մարզում, եթե Փաշինյանի իշխանությունը հանձնի խորհրդային շրջանում ձևավորված այդ տարածքները, որոնց այսօր կոչում են անկլավներ: Նաև՝ որքանո՞վ է իրատեսական, որ կհնանձնվեն դրանք:

- Սկսեմ վերջին հարցից. «անկլավ» պայմանական անվանումն ստացած մեր հայրենիքի այդ հատվածների՝ թշնամուն հանձնելու վտանգը ռեալ է, քանզի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ տառապանքս փորձ ունի: Նախ՝ այդ տարածքների իբր փոխանակման մասին ուղիղ կերպով հայտարարել է Փաշինյանի իշխանության պատգամավոր Վահե Ղալումյանը, ով, ինչպես գիտեք, նաև Տավուշի մարզից է: Հաջորդը՝  իշխանությունների  կողմից  որև է  կերպ  չի  հերքվել  կամ  հստակ  հայտարարվել,  որ նման խնդիր չկա, և  այդ  տարածքների  հանձնում  երբևիցե  տեղի չի ունենալու: Օգտվելով  առիթից՝ ես հիմա պահանջում եմ, որ  Տավուշի  յուրաքանչյուր  բնակչի  հստակ  պատասխան  տրվի՝  արյունով  ազատագրված  տարածքները  հանձնվելու՞ են թշնամուն, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է հետևանքներին:  Ունենք «անկլավային» երկու գյուղախումբ, որոնք խորհրդային  տարիներին  եղել  են  ադրբեջանաբնակ:  Առաջինը  Սոֆուլո  և Բարխուդարլու  գյուղերն  են:  Դրանց  ավերակները  գտնվում  են  Ազատամուտ  և Կայան  գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ  ճանապարհահատվածի  աջ  և ձախ կողմերում: Հանձնելու դեպքում  ոչ  միայն  կվտանգվեն  հարակից  բնակավայրերը, այլև թշմանին վերահսկողության տակ կառնի Իջևան – Բերդ ճանապարհը: «Անկլավային» հաջորդ գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս  գյուղերին  հարող հատվածներում,  դրանք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան  միջպետական ճանապարհահատվածի երկայնքով: Խոսքը նախկինում՝ ադրբեջանաբնակ,  այժմ՝ ավերակ դարձած Խեյրիմլի, Վերին Ոսկեպար  (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), Ներքին Ոսկեպար (ադրբ.՝ Աշաղը   Ասկիպարա), Բաղանիս  Այրում  գյուղերի  մասին  է:  Այս  գյուղերից  ցանկացած  մեկի հանձնմամբ  կկազմաքանդվի  և՛  Տավուշի  մարզի  պաշտպանական  համակարգը՝  մասնավորապես,  և ՀՀ-ի՝ ընդհանրապես: Բերեմ  ընդամենը  մի  քանի  օրինակ.  Վերին  Ոսկեպար  գյուղատեղիի  հանձնման  դեպքում  թշնամին  մխրճվում  է  հանրապետության  խորը  թիկունք,  և  ադրբեջանցու  դիպուկահարը  հայտնվում  է  ընդհուպ  Լոռու  մատույցներ՝  Թեղուտի  անտառներ:  Այս  դեպքում  ռազմավարական  նշանակության Ոսկեպար  գյուղն  ինքնին  վերածվում  է  յուրօրինակ  «Լաչինի միջանցքի»՝  հայտնվելով  այդտեղով  անցուդարձ  անող  ադրբեջանական  զորքերի ու  զինտեխնիկայի  կրնկի տակ:  Կիրանցի  հարևանությամբ  գտնվող  Խեյրիմլի  գյուղատեղիի հանձնման  պարագայում ադրբեջանական  վերահսկողության  տակ  է դրվում  Երևան-Թբիլիսի  միջպետական  մայրուղին, էլ  չեմ  խոսում,  որ  Շուռնուխի  օրինակով  թշմանուն  է  հանձնվում  Կիրանցից  որոշ տներ:

- Այսինքն՝ ստանում ենք մի երկրորդ Սյունի՞ք:

- Նույն սցենարն է, ցավոք: Ավելին՝ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում, բացի վերոհիշյալից, թշնամուն են հանձնվում նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու  ևս  4 փոքր ու մեծ հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար –Բաղանիս   գյուղերով պարփակված  հատվածում:  Այս դեպքում ՀՀ-ն  երկրորդ  «տարանցիկ հարվածը»  կստանա  Սյունիքի միջպետական  ճանապարհների օտարումից հետո: Արդեն  կռահեցիք,  որ սա ոչ միայն ռազմավարական, այլև  տնտեսական  իմաստով  ծանր  հետևանքներով  լի  ծրագիր է,  Տավուշի և ՀՀ-ի կործանման ծրագիրը:

- Իսկ այսպես կոչված խաղաղության պայմանագրում արդյո՞ք կան նման կետեր:

- Գիտեք՝ դա երկրորդական հարց է այնքան ժամանակ, քանի  դեռ  իշխանության  է  Նիկոլ  Փաշինյանը,  մարդ, ով   ժողովրդի  թիկունքում  թշնամու  հետ  ունեցած  գերգաղտնի  պայմանավորվածությամբ  կամ,  իր բառամթերքով  ասված,  բանավոր  ըմբռնումներով,  հայրենիքի  այս կամ այն հատվածը  օտարելու  մեծ սեր և փորձառություն ունի: Սյունիքի օրինակը արդեն վերևում հիշեցրիք:   

- Դուք վերևում նշեցիք խնդիրների երկու պայմանական բլոկ:

- Այո, վերևում փոքր-ինչ արծարծեցինք անվտանգային խնդիրները, թեև  դրանք  մեկ  հարցազրույցով  ամփոփելն  անհնար է, և  առաջիկայում  առավել խորությամբ  ու  համակողմանի  կքողազերծենք  դրանք: Մյուս խումբը  դրանք սոցիալ-տնտեսական  խնդիրներն  են :  Ես ունեմ կոնկրետ  իմ տեսլականը, թե  ինչպես  պետք է  նվազեցնել  սահմանապահ  գյուղերում  առկա արտագաղթն ու դրանով  իսկ ամուր պահել Տավուշի սահմանները: Մատնանշեմ  մի քանի ուղղություններ:  Իմ ուսումնասիրություններով՝ մարզում առկա են հազարավոր  հեկտար հողատարածքներ, որոնք չեն մշակվում: Պատճառներից մեկը, օրինակ, ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումն է:  Բերքատվության  արդյունավետության  բարձրացման  համար  անհրաժեշտ  են  կոնկրետ  վայրերում  տեղակայել  հակակարկտային  կայաններ:  Մեր կողմից ներկայացվելու են ջերմոցային, ֆերմերային  տնտեսությունների  հիմնման  ծրագրեր:  Հասնելու ենք այնտեղ, որ Տավուշի մարզից արտահանվի ոչ թե խաղող, այլ գինի, որը կտրուկ կմեծացնի եկամուտներն ու աշխատատեղերի թիվը:

- Իսկ կա՞ն Ձեր թիմում այդ կարևոր ոլորտներին տիրապետող մասնագետներ:

- Մի փոքր անհամեստորեն՝ նշեմ, որ  ինքս  գյուղոլորտին,  արտադրությանը  ծանոթ եմ  ոչ  միայն  տեսական,  վերացական ձևով, այլ  պրակտիկ   գործունեությամբ:   Դեռ ուսանող էի, երբ  ղեկավարել եմ իմ մորեղբոր՝ երջանկահիշատակ Մարատ Ջամվելյանի հիմնած խոշոր ֆերմերային տնտեսությունները, արևի  տակ  ճաքճքած  հողատարածքները  բերքատու  ցանքատարածությունների  վերածելիս՝ գիտեմ, թե  ինչպես  կարելի  է  ֆերմերային  տնտեսությունների  մի  օղակը դարձնել անմշակ հողերի մշակումը: Տևական  ժամանակ  ղեկավարելով  «Արզնի» կաթի  գործարանը՝  ծանոթ  եմ  նաև  գյուղմթերքի  վերամշակման  և  պատրաստի  արտադրանք ստանալու ողջ շղթային: Իհարկե, այդ ամենը չի նշանակում, որ  մենք  կարիք  չունենք նոր գաղափարների, ծրագրերի ու առաջարկների, որոնք  մեր  թիմի  լավագույն մասնագետների  միջոցով տեղ են գտնելու մեր ծրագրերում:

 -Պարո՛ն Դանիելյան, գաղտնիք չէ, որ իշխանություններն այնքան էլ խանդավառ չեն գյուղոլորտի զարգացմամբ,  գումարած՝ Դուք  ընդդիմադիր  պատգամավոր եք, և  Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Ձեր թիկունքին չի կանգնելու, այլև  մեծապես  խանգարելու է (օրինակները բազմաթիվ են): Որքանո՞վ այդ ամենը կազդի Ձեր գործունեության վրա:

- Այո, իշխանությունները տառապում են մանր վաճառականի տենդով: Վերջիններիս  ավելի  շատ  հետաքրքրում  են Թուրքիայից և Ադրբեջանից էժան ապրանք ներկրելու հեռանկարները, քան  հայ  մարդու, հայ գյուղացու արժանապատիվ կյանքը: Գյուղնախարարության  վերացումը  և  պետականության  սասանման  գնով  այդ  երկրների  հետ  ճանապարհների  բացման  մասին  երազելը   դրա վառ ապացույցն է: Տոտալ անգործության  են  մատնված  նաև  մարզպետարանների  բոլոր այն օղակները, որոնք  ի  պաշտոնե  կոչված  են  լինելու  գյուղացու  կողքին:  Ես լավ գիտեմ՝ ինչ է նշանակում գյուղատնտեսական խորհրդատվություն ասվածը, դա  նշանակում  է  փորձարկված ծրագրերով, նորարար մեթոդներով ու տեխնոլոգիաներով 24 ժամ  լինել  գյուղոլորտի ներկայացուցիչների կողքին: Ցավոք, այդ  մարդիկ  չեն  պատկերացնում  իրենց  իրական դերը, որը  հաստատ  պարգևավճար  ստանալը  կամ  պետական  բյուջեն  անգործությամբ  մսխելը չէ:

Մենք  ամեն ինչ անելու ենք՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այլ առիթներով  կխոսենք  նաև  մարզի մշակութային, երիտասարդությանը հուզող և այլ խնդիրների մասին: Մի  բան  միայն՝  Տավուշի մարզն իր տարանցիկ, տնտեսական, զբոսաշրջային  չօտգագործված   հնարավորություններով, մշակութային  ժառանգությամբ  ու  ազգային  ավանդույթների  մեծ  պոտենցիալով  պետք է դառնա ապրելու և արարելու համար ոչ միայն անվտանգ, այլև  չափազանց  հրապուրիչ վայրերից մեկը:

Հարցազրույցը վարեց Վահե Սարգսյանը      

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ