News.am-ը գրում է․
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետեւանքով Վարդենիսի դիրքերից մեկում զոհվել է 36-ամյա պայմանագրային զինծառայող Լյովա Սահակյանը։
Պայմանագրային զինծառայողը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ծովակ գյուղից էր։ NEWS.am-ին հարազատներից մեկը պատմեց, որ Լյովա Սահակյանը ծառայության անցել էր 2019 թվականից. «7-8 ամիս ծառայելուց հետո իրեն բարձր գիտելիքների համար նախարարի հրամանով սպայի կոչում են շնորհել»։
Լյովա Սահակյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա։
Երբ հակառակորդը սկսել է կրակել, 36-ամյա սպան զինվորներին թաքստոց մտնելու հրաման էր տվել, իսկ ինքը միայնակ պատասխան կրակ վարել. «Ըստ դատաբժշկի եզրակացության՝ 4 տեղից հրազենային վիրավորում է ստացել։ Երբ հակառակորդը սկսել էր կրակել, նա զինվորներին թաքստոց մտնելու հրաման էր տվել, իսկ ինքը մենակով մնացել էր հրետանու մոտ ու պատասխան կրակ էր վարում։ Նրա մոտ ստացվում է լռեցնել հակառակորդին, ինչից հետո անձնակազմը դուրս է գալիս թաքստոցներին եւ կարողանում են կրակ վարել։ Մարտի ընթացքում արկերն արդեն վերջանում էին, բայց նա ասում էր՝ ոչ մի վայրկյան դիրքս չեմ թողնելու, կկռվեմ մինչեւ վերջին շունչս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը