21 10 2022

Մերօրյա կորեյկոները ․ Hraparak.am

Մերօրյա կորեյկոները ․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Շատ հետաքրքիր է հետևել  ընդդիմությունից իշխանություն կատարվող տրանսֆորմացիային։ Ահա՝ երիտասարդ, ազնիվ, հայրենասեր երիտասարդների խմբակը, որը չէր ամաչում սրճարաններում «նեմեցկի սչյոտով» հաշիվ փակել եւ սիրած աղջկանից խմած սուրճի փողը վերցնել, կամաց սկսում է օլիգարխանալ՝ բառի ամենավատ իմաստով։

Մի կողմից՝ փողը շիկ է հաղորդում տղերքին՝ հագուկապի, նիստուկացի, ապրելակերպի աճի տեսքով, մյուս կողմից՝ նրանք ինտենսիվ սերտաճում են տարբեր բիզնես եւ կրիմինալ օղակների հետ։ Սկսում են տարբեր գործարքների մասնակցել եւ թվեր աշխատել։ Հայաստանը փոքր երկիր է՝ որքան էլ գաղտնի պահեն, մերձավոր շրջապատն իմանում է, իրենց մուծվողները տարբեր տեղերում պատմում են, թե ում ինչքան փող են տվել։ Նրանց գնած փոխադրամիջոցների, անշարժ գույքի, դրամական հաշիվների մասին տարբեր տեղերում տեղեկատվություն է պտտվում։ Նրանք, իհարկե, նաեւ շատ արագ են յուրացնում նախկինների մյուս արատավոր մեթոդները՝ խոսողների բերանը փակելու, լրատվամիջոցներին դատի տալու, ընդդիմադիրներին առնել-ահաբեկելու։ Բայց որքան էլ կամակատար դատարանը՝ իր երեք ատյանով, որոշում կայացնի, որ 4 տարի իշխանության մեջ գտնված անձը «դոլարային միլիոնատեր» չէ, եւ ԶԼՄ-ին պարտավորեցնի՝ իր սուղ միջոցներից փոխհատուցում վճարել եւ հերքում տպել, մարդիկ կան, որ նեղ շրջապատում պատմում են՝ «այ, էս կոտրած ձեռով եմ 3 միլիոն դոլարը հաշվել, տարել տվել իքսին․․․»։

Եվ այս նորահայտ կորեյկոները որքան էլ,  որ թաքցնեն այդ միլիոնները՝ բարձի տակ պահեն կամ շվեյցարական գաղտնի հաշիվներում դնեն, որ իշխանափոխությունից հետո անդարդ ապրեն, մարդիկ գիտեն, որ ճիշտը ԶԼՄ-ն է, ոչ թե դատարանը։ Իսկ ներքին դժգոհությունը սկսում է կուտակվել, եւ իրավիճակը կամաց-կամաց նմանվում է 2016-17 թվերին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ