«Փաստինֆո»-ն գրում է․
Հայաստանի նման մարտական վիճակում գտնվող երկրներում զինվորական ծառայության պայմանները ոչ թե հեշտացնում են, այլ, ընդհակառակը, դժվարեցնում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր որոշմանը, որով հրաժարվում են պահեստազորի եռամսյա հավաքներից և փոխարեն հավաքները 25-օրյա ժամկետով են իրականացնում:
Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը շեշտեց՝ հավաքների կազմակերպման ժամկետները զորահավաքության պատրաստության ծրագրի և պահեստազորայինի զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն պետք է իրականացվի և պետք է միտված լինի զինվորականի ունակությունների կատարելագործմանն և մշտական պատրաստվածության պահպանմանը.
«Այդ հավաքները կլինեն մեկշաբաթյա, 25 օր, թե եռամսյա, Կառավարությունը պետք է որոշի՝ ՊՆ-ի առաջարկությամբ: Ես կարծում եմ՝ եռամսյա հավաքների ժամկետը մարտական գործողությունների մեջ չգտնող երկրի համար շատ է, բայց Հայաստանը մարտական գործողությունների մեջ գտնվող երկիր է: Առհասարակ, Հայաստանի նման երկրում ողջ ուժը պետք է ներդնել՝ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար, բանակը վերականգնման համար: Ես այսօր ԶՈՒ կազմի վիճակի մասին տեղեկություններ չունեմ, բայց այն, որ հակառակորդը մշտապես սադրանք է իրականցնում և այդ սադրանքի շրջանակներում մենք տուժում ենք, սա միանշանակ է, ուստի ծառայության պայմանները պետք է խստացվի, բայց դրանք զինվորական ծառայության և պաշտպանության վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումներ պետք է լինեն»,-ասաց նա:
Բանակի վերաբերյալ մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այսօր արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնելով՝ Հայաստանն անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի:
Սեյրան Օհանյանն ընդգծում է ՝ դա կարևոր է ծառայողական գրավչության առումով, բայց միայն աշխատավարձ բարձրացնելով պրոֆեսիոնալ բանակ չեն կառուցում.
«Դա գրավչության կոմպոնենտ է՝ աշխատավարձ, բնակարանային պայմաններ և արժանապատիվ կենսաթոշակ և, իհարկե, ամենակարևորը՝ հասարակության վերաբերմունքը զինվորական ծառայողի նկատմամբ և հայրենասիրական ոգին, ինչը, այս իշխանությունների օրոք, ոտնահարվել է»,-ասաց Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը