12 10 2022

Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում. «Sputnik Արմենիա»

Ղրիմի պայթյունի գործով հիշատակվող ընկերության հասցեում վարձով տված բնակարան է Ալավերդիում. «Sputnik Արմենիա»

Sputnik Արմենիա-ն գրում է․ Ղրիմի կամրջի պայթյունի փաստով հարուցված քրեական գործի նյութերում հիշատակվող հայկական ընկերությունը` «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն, գրանցված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30, բն. 11 հասցեում։

Այս տվյալները գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Նույն աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ՍՊԸ–ն գրանցվել է մեկ տարի առաջ` 2021թ-ի նոյեմբերի 4–ին։

ՊԵԿ կայքում հրապարակված տեղեկատվությունն էլ հուշում է, որ «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը մեկամյա գործունեության ընթացքում հասցրել է դառնալ ՀՀ խոշոր հարկատու։
2022թ–ի առաջին կիսամյակում «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ»–ը 149 128 000 դրամի հարկ է վճարել և գրավել ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի 798–րդ հորիզոնականը։
Պաշտոնական տվյալներով` մարզային այս ընկերությունը զբաղվում է թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտրով (տնտեսական գործունեության տեսակի կոդը` G46.31.1)։
Ղրիմի կամրջի ահաբեկչության գործում հիշատակվող հայաստանյան ընկերության մասին այլ բաց տեղեկատվություն համացանցում գտնել չհաջողվեց, ուստի որոշեցինք պարզել, թե ինչ գրասենյակ է գործում Ալավերդի քաղաքի այն հասցեում, որով գրանցված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈւՊ» ընկերությունը։

Պարզվեց` Ջրավազան փողոց 30 հասցեում բազմաբնակարան շենք է, իսկ 11–րդ բնակարանը, որը գտնվում է 1–ին մուտքի 3–րդ հարկում, ներկա պահին տրված է վարձով։

Ալավերդու մեր աղբյուրը հայտնեց, որ բնակարանում սլավոնական արտաքինով մարդիկ են բնակվում։
Մեր զրուցակցի տեղեկություններով` բնակարանի սեփականատերն ինքն էլ նույն շենքում է բնակվում` մեկ այլ բնակարանում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն է բռնկվել։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել է, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Հակաահաբեկչական ազգային կոմիտեն նշել է, որ ահաբեկչության պատվիրատուն և կատարողը Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։
Բեռնատարում պայթուցիկը թաքցված է եղել պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթների մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ