14 09 2022

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։ Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծերերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այս հարցազրույցը եթեր է հեռարձակել ժամը 21։30-ին, իսկ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ