Պատկերացրեք 2018 թվականի մայիս ամիսն է, ասենք՝ ամսի 11-ը, սաղդ ուրախ եք, ՀՀԿ-ն Նիկոլին ընտրել է վարչապետ, սաղ աշխարհի մամուլի ուշադրության կենտրոնում Հայաստանն է, անարյուն, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, հպարտ ժողովուրդը հաղթել է, դուք էլ սպասում եք, որ կտրուկ պետք է կյանքը փոխվի։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտնում․ էն որ օրը 10 անգամ մտնում էր ու ամեն անգամ տասնյակ հազարավոր մարդիկ լայվ ռեժիմով նայում էին, հա, մտնում է ուղիղ ու ասում՝ ժողովուրդ, մենք 30 տարի պետություն չենք ունեցել, պետական մտածելակերպ չենք ունեցել։ Հիմա պետք է փոխենք դա, պետք է պետություն ունենանք։ Ուրեմն լսեք, դրա համար պետք է հանձնենք Արցախը Ադրբեջանին, այնտեղ էլ հայ մարդ չմնա, սաղ գան Հայաստան, բայց դրա համար պետք է 5-6 հազար էլ զոհ տանք, պետքա թողնենք, որ թշնամին մի 200 քառակուսի կիլոմետր մտնի ու գրավի Հայաստանից, մեր շնչների տակ իր պոստերն ու զորքը դնի, մեր բարեկամների հետ խռովենք, բանակը քանդենք ոււււ․․․ այ էդ ժամանակ նոր մենք պետության կառուցումը կսկսենք։ Պատկերացրեցի՞ք։ Ի՞նչ կմտածեիք։ Ես որ կմտածեի՝ էս մարդը գիժ ա։ Դուք էլ երևի, քանի դեռ տաք էիք, ակտիվ էիք, ձեր որոշումը հետ պտտեիք ու անմիջապես հանեիք վարչապետի աթոռից՝ մի նոր թավշյա հեղափոխությամբ։ Ենթադրում եմ՝ իրեն այդ աթոռին թողողներն էլ, իրավապահ համակարգն էլ, տենց մի ռեակցիա կտային։ Բա էլ ինչ։ Այսինքն, մինչ այդ պետություն չի եղել, նոր պետք ա կառուցվի՞։ Այսինքն, պետություն կառուցելու համար, նախ պետք ա սաղ մեր ազգային իրական հպարտությունից հրաժարվենք, որ ի՞նչ ստեղծենք, պետությո՞ւն, ու՞մ համար, Ադրբեջանի՞։ Մի խոսքով, մի րոպե իր տեղում չէր մնա։
Նիկոլը հենց այդ նույն բանը, իրականություն դարձրած արդեն, ասաց, բայց համարյա 6 տարի հետո, 2024 թվականի հունվարի 13-ին, ՔՊ-ական ժողովրդի առաջ և բոլոր եթերներում։ Ի՞նչ արեց նա։ Ադրբեջանցի իր գործընկերոջ ելույթից 4 օր անց արձագանքում է նրան, բայց հարցեր են առաջանում, որ պետություն ոչ թե կառուցելու, այլ մինչ իր գալը եղած պետությունը հիմնահատակ քանդելու մասին է, իրականում։ Ադրբեջանի նախագահն ասել էր, թե Հայաստանը 8 գյուղ է զավթել, պետք է վերադարձնել։ Փաշինյանն արձագանքում է՝ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են։ Բայց ասում է՝ եթե համաձայնեցված քարտեզ չլինի, մենք ո՞նց որոշենք՝ դա Հայաստանինն է, թե Ադրբեջանինը: «Ընդեղ,- ասում է,- հո գծած չի՞ հողի վրա` Էս Արծվաշենն ա, էս Արծվաշենը չի»:
Արծվաշենը բա որ չես կարող հետ բերել, որովհետև ո՛չ ողի վրա է գրված, ո՛չ էլ քարտեզ ես համաձայնեցրել, բա ո՞նց ես համաձայնեցրել, որ 8 գյուղ պետք է տաս։ Մայիսի 22-ի ասուլիսում ասում ես, որ այդ անկլավները մտնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Բա որ դու հստակ չգիտես մեր սահմանը որն է, բա ո՞նց ես որոշել, որ դրանք ադրբեջանական են։ Հենց հարցը վերաբերում է Ադրբեջանին, սահմանը հստակ որոշած է, հենց մեզ՝ դեռ պետք է պարզե՞նք։ Կամ, բա որ 30 տարի մենք սենց բաներ չենք էլ քննարկել, ի՞նչը քննարկեինք, մերը մերն էր, իրենցը՝ իրենցը, մեզ համար ապրում էինք էլի, էկած-չէկած, Ալիևի հետ քննարկում ես՝ որն է մերը, որը՝ իրենցը ու անունը դնում ես պետություն ես նոր-նոր կառուցո՞ւմ։ Դրա համար եմ հարցնում։ Ի՞սկ որ պետության մասին ես խոսում դու, Ադրբեջանի՞։ Միգուցե, որովհետև Հայաստանը մասնատելու մասին է այդ բոլոր խոսակցությունները, ոչ թե ինչոր բան կառուցելու։
Նիկոլը որ հրաժարվեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից, ի՞նչ պատճառաբանությամբ էր․ ասում էր ՀԱՊԿ-ը չի կարողանում ասել՝ որն է Հայաստանի սահմանը․ որ չգիտի, ո՞նց է դիտարկելու․ հիմա նույնը դու ես ասում, ասում ես քարտեզ համաձայնեցրած չէ։ Դու ՀԱՊԿ-ի վրա մունաթ ես գալիս, բայց ինքդ էլ մեզ չես պաշտպանում, իբր չգիտես որն է սահմանը։ Միակ բանը, սահմանը, որ հստակ գիտի, իր աթոռն ա ու էդ աթոռի սահմանը պաշտպանելու համար լիքը ուժայինների փողը չի խնայում։ Իհարկե՝ մեր հաշվին, այդ նույն պետության։
Արծվաշենի վրա գրված չէ, որ Արծվաշենն է, իսկ էն հողի վրա գրված է՞ր, որ Ղարաբաղն ա, իսկ էս հողի վրա գրված է՞, որ Երևանն է։ Մի անգամ չեմ լսել Ալիևից, որ ասի՝ սրա վրա գրված չէ, որ Շուշին է, որ Ջերմուկի սարերն են, Ջեբրաիլն է։ Էս ի՞նչ թազա խոսույթ ես մտցնում։ ՀՀ ցանկացած տարածք կարող ես վերցնել ու ասել՝ թղթի վրա չկա գչրած, որ մերն է ու տաս։ Դու ինչի՞ ես անընդհատ խոսում մեր հողն է, թե չէ, ինչի՞ ես կասկածի տակ դնում՝ Ալիևի պասերը վերցրած։
Նիկոլն ասում է՝ Ալիևը բարձրացնում է 4 գյուղի հարց, մենք բարձրացնում ենք 32 գյուղի հարց․ Ալիևի բարձրացրած գյուղերի հարցերը բարձրաձայնում է նաև Նիկոլը, իսկ դուք երբևէ լսել ե՞ք Ալիևից Նիկոլի բարձրացրած 32 գյուղի տարածքների մասին։ Դու հայտարարել ես, որ անկլավները տալիս ես, նրանք մեկ անգամ հյտարարել ե՞ն, որ տալու բան ունեն, թեկուզ մի թիզ։ Ու դու դեռ խոսում ես պետություն կառուցելու մասին։
Իլհամ Ալիևն ասում է՝ «1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, Երևան քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Սա հնագույն ադրբեջանական քաղաք է»։ «Պետություն կառուցող» Նիկոլն ի՞նչ է պատասխանում։ Ադրբեջանի նախագահն ասում է, որ 2800 տարեկան Երևանը 100 տարեկան Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Մեր մայրաքաղաքի նկատմամբ տարածքային հավակնություններ է ներկայացնում, մի մայրաքաղաքի, որտեղ դու ես ապրում, ՔՊ-ականներդ ամեն մեկը մեկից մինչև մի քանի տուն ունի։ Ալիևն ասում է՝ Զանգեզուրն Ադրբեջանի տարածք է։ Ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ոչ մի բան, որովհետև, ըստ իրեն, էդ տարածքի վրա գրված չէ, որ մերն է։ Սա քանի անգամ խոսել է 1970-ականների քարտեզներով սահմնագծում անելու մասին։ Ալիևն ասում է՝ ես քարտեզներ ունեմ, դրանցով կգծենք։ Ինչո՞ւ է Ալիևն ասում այդ մասին, որովհետև Փաշինյանն ինքը միջազգային ամբիոնից հայտարարել է՝ ցույց տուր այն տարածքը, որը համարում ես Հայաստանի սահման, դրա շուրջ բանակցենք։ Ու հիմա էլ ասում է՝ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ։ Կներեք էլի, բա ի՞նչ էինք ուզում: Մի պետության ղեկավար, որ ելնի ալամ աշխարհի առաջ ու աճուրդի հանի մեր հայրենիքը, թշնամին ի՞նչ պետքա աներ, բա պտի պահանջներ ներկայացներ, բա ի՞նչ։ Բա եթե դու, կասկածի տակ ես դնում, նա էլ ասում է՝ իմն է, բա ինչի չանի՞ որ։
Ալիևը խոսում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին, ասում է վրեժը լուծեցինք։ Նախկինում Ադրբեջանը հենց խոսում էր Խոջալուի մասին, հայկական կողմից՝ իշխանական, փորձագիտական, քաղաքական մակարդակներում արձագանքում էին, փաստեր բերում, որ դա հենց Ադրբեջանի կազմակերպածն է, ինչպես հաստատում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը։ Կարո՞ղ եք մեկ դեպք բերել վերջին 6 տարվանից, որ Նիկոլ Փաշինյանը, իր իշխանության որևէ ներկայացուցիչ հակադարձի Խոջալուի ավանտյուրայի մասին Ադրբեջանի խոսքերին։ Էն վախտ որ պատասխանում էին, պետություն չկար, հիմա որ Ադրբեջանի հետ լացում են իբր Խոջալուի եսիմինչի համար, պետություն ե՞նք։
Էս սաղ կուլ է տալիս, որովհետև կա՛մ համաձայն է Ադրբեջանի հետ, կա՛մ վախենում է արձագանքել, կա՛մ ծրագրով այդպես է նախատեսված։ Ու խսում է խաղաղության մասին։ Ասում է, թե վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Կարո՞ղ եք ասել էդ ինչ գործընթաց է, էդ ուր է։ 2021 թվականից ասում ես խաղաղություն, 2024 թիվն է, թշնամին ասում է Զանգեզուրն իմն ա, Երևանն իմն ա, Ջերմուկը հին ադրբեջանական քաղաք ա, դու ասում ես՝ մենք տարբեր դիվանագիտական լեզուներով ենք խոսում, ի՞նչ խաղաղություն։ Դու բանակցում ես իբր խաղաղություն ստանալու համար, ինքը բանակցում է տարածք ստանալու համար ու ձեր գործընթացի «քավոր» երկրները նստած խնդում ամբողջ հայ ժողովրդի վրա։
Նույն մարդու երեք ելույթ եմ կարդում խաղաղության փաստաթղթի մասին․
Մարդ չգիտի ինչ ասի։
Կարճ ասած՝ գիտե՞ք որն է խնդիրը․ ես կարդում եմ ու հասկանում ինչ է ասում Ադրբեջանի նախագահը, ինչ է ուզում մեզանից։ Ես կարդում եմ, լսում եմ ու չեմ հասկանում՝ ինչ է ասում Հայաստանի վարչապետը ու ինչ է ուզում մեզանից, եթե նա իրոք ցանկություն ունի պահելու մեր հայերիս շահը։ Չի լինում այսպես, ժողովուրդ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը