Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։
Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերի թիրախում է նաեւ Վերիշեն գյուղը։ Արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։ Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։
Վերիշենցիներից մեկը պատմել է, որ արկը պայթել է իր մեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ ինքը վերադառնում էր դաշտից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը