05 09 2022

Պուտինը դժգո՞հ է Ալիևի վերջին հայտարարություններից Իտալիայում

Պուտինը դժգո՞հ է Ալիևի վերջին հայտարարություններից Իտալիայում

Zham.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմը գրեթե սև ու սպիտակ դարձրեց այս կոնֆլիկտի ակտիվ մասնակիցների դիրքորոշումները, և կողքից ցանկացած գնահատական հիվանդագին է ընկալվում նրանց  կողմից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն Իտալիայում Ռուսաստանում ճիշտ է լայնորեն չքննարկեցին, բայց և անուշադրության նույնպես չմատնեցին:

Այսպես երկու օր առաջ, սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Ալիևին, որի խոսակցության բովանդակության մասին ոչ մի տեղ ոչինչ չասվեց: Ընդ որում, այդ հեռախոսազանգը ոչ մի այլ միջոցառման հետ կապված չէր: Ալիևը այդ օրը չէր ծնվել, որ Պուտինը նրան շնարհավորեր, Ադրբեջանի անկախության օրը չէր և այդպես շարունակ: Ավելին, նույնիսկ չնշվեց, որ Պուտինը, ասենք, մանրամասներ հարցներ  Ալիևի և Փաշինյանի հանդիպումից Բրյուսելում:

Սովորաբար, առանց նման իրադարձությունների, փոքր երկրների պետությունների ղեկավարներն են զանգահարում մեծ երկրների ղեկավարներին: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի որոշ հանդիպումներից հետո ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, կամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարում էին Երևան և Բաքու, բայց երբեք չի եղել, որ առանց որևէ իրադարձության մեծ երկրի ղեկավարը զանգահարեր Երևան կամ Բաքու:

Ահա, թե ինչու Պուտինի հեռախոսազանգը Ալիևին տարբերվում էր մնացած զանգերից:

Այդ հեռախոսազանգի մասին կար միայն չոր լուր այդ զանգի մասին: Մինչդեռ կրեմլյան շրջանակները նշում են, որ այդ զանգի նպատակը Պուտինի կողմից նախազգուշացումն էր այն խոսքերի վերաբերյալ, որոնք հնչեցին Ալիևի շուրթերից Իտալիայում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն Իտալիայում, փաստացի մեղադրեց Ռուսաստանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, նշելով բառացի հետևյալը. «...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում, որնք խախտվել էին նաև մեր դեպքում... Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի խախտումներ այլ տարածքներում նույնպես, ավելին, որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա և դա նրանց չի հետաքրքրում և դա բոլորովին այլ իրավիճակ է...»:

Գրեթե բոլոր միջազգային դիտորդներն Ալիևի այս խոսքերը գնահատեցին, որպես դեմարշ Մոսկվայի դեմ: Իսկ երբ դա կատարվում է Բրյուսելի հետ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո, ապա դա դառնում է մտահոգիչ Մոսկվայի համար:

Սակայն կարծում ենք, որ Ալիևը կարհամարհի Պուտինի նախազգուշացումները, քանի որ համոզված է, որ ներկա պահին Մոսկվան գործնական լծակ չունի Ալիևի վրա ազդելու համար, եթե, իհարկե, չի ուզում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ:

Եվ այդ առումով իզուր չէր, որ Ալիևը անմիջապես այդ զանգից հետո հայտարարեց, որ ինքը միշտ է աջակցել այլ երկրների տարածքային ամբողջականությանը, քանի որ Ադրբեջանն ինքն է եղել այդ նորմերի խախտման զոհը: Բացի այդ, Ալիևը չմոռացավ հիշատակել, որ Ադրբեջանը Շուշիի հռչակագրով ունի նաև ազդեցիկ դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ինչն իրեն թուլ է տալիս ավելի խիզախ անկախ դիրքորոշումներով հանդես գալ:

Բայց միաժամանակ, որպեսզի շատ չնեղացնի իր Ռուսաստանի կոլեգային, Ալիևի  հրահանգով հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հատուկ հարցազրույցով կարևորեց ռուսաց լեզվի պահպանության խնդիրն Ադրբեջանում: Հասկանալի է, որ այդ օրը Ադրբեջանում ռուսաց լեզվին ոչինչ չեր սպառնում: Պարզապես դա պետք էր Ալիևին, որպեսզի նա այդ և այլ նմանատիպ սիմվոլիկ քայլերով շոյեր և հանգստացներ Պուտինին: Չէ որ վերջինիս դուր են գալիս նման սիմվոլիկ քայլերը, և Պուտինի այդ թուլության մասին տեղյակ է Ալիևը:

Այդ շարքից էր նաև Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը գազի վաճառքի ոլորտում Ռուսաստանին իր մրցակիցը չի համարում, միաժամանակ հայտարարելով, որ Բաքուն երկու անգամ մեծացնելու է գազի իր արտահանման ծավալները դեպի եվրոպական շուկաներ և բացի այդ Թուրքմենստանի հետ համաձայնության է գալիս, որ Ադրբեջանի տարածքով հնարավոր լինի գազ արտահանել շատ ավելի մեծ ծավալներով:

Այստեղ հետաքրքիրը ոչ այնքան Ադրբեջանի ամբիցիոզ ծրագրերն են, որքան այն որ արմատապես փոխվել է Բաքվի հռետորաբանությունը, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հասցեին:

Նշենք, որ այդ հռետորաբանության փոփոխությունը լոկ խոսքեր չեն, այլ նյութականացված են մի շարք գործոններով, որոնցից կարևորը Հայաստանի պարտությունն էր վերջին պատերազմում և Շուշիի հռչակագրի ստորագրումը Թուրքիայի հետ, որի հետևանքները ուղղակի են ազդելու ոչ միայ Արցախի, այլև նույնիսկ Հայաստանի հետագայի վրա:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ