«Փաստինֆո»-ն գրում է․
Կառավարության նիստին Փաշինյանի ասածը հետևյալն էր, որ պետական ԲՈՒՀ-երի քանակը պետք է օպտիմալացվի, սա նշանակում է, որ որոշ ԲՈՒՀ-եր կփակվեն և դրանց քանակը կդառնա առավելագույնը 8-ը, որոնք էլ հերթականությամբ կտեղափոխվեն Աշտարակ՝ նոր կառուցվող ակադեմիական քաղաք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կրթության որակը այնքան է անկում ապրել, որ անհրաժեշտ է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել՝ կրթության որակը գոնե այս մակարդակի պահելու և հետագայում զարգացնելու համար, բայց Փաշինյանի առաջարկած գաղափարը, ըստ Մխիթարյանի, չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը.
«Դա ընդամենը հերթական շոուն էր, որովհետև եթե խոսքը 2030թ-ի զարգացման ծրագրի մասին է, ապա, վստահ եմ, որ ներկա կառավարությունը մինչև այդ թիվը չի լինի և ինչպես մյուս ծրագրերը, սա նույնպես թղթի վրա կմնա»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ նշում է՝ ծրագրի գաղափարը՝ ունենալ մի կենտրոն, որտեղ, իրար հետ համագործակցելով, կգործեն մի քանի համալսարաններ, լավն է, սակայն այն կարող է արժեզրկվել.
«Այս կառավարությունը, ԲՈՒՀ-երի օպտիմալացման ներքո համալսարաններ փակելով, դրանց մի մասն էլ Երևանից դուրս տեղափոխելով, ուղղակի արժեզրկելու է գաղափարը և հետագայում այն ժողովրդի մոտ վստահություն չի ունենա»,-ասաց Մխիթարյանը:
Զրուցակիցը նաև ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ գաղափարը չի կարող կարճ ժամանակում իրագործվել, քանի որ համապատասխան ենթակառուցվածքներ և ուսանողների տեղափոխության հարմարություններ չկան.
«Բացի դա, եթե նոր համալսարան ենք հիմնում, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի այն հեղինակություն ձեռք բերի և ուսանողները ցանկանան գնալ այնտեղ սովորելու»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը