Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին բամբասանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում նման հարց չկա:
«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնք անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը