Hraparak.am-ը գրում է․
Օրերս Իջեւանում պատահաբար ծանոթացա երկու ռուսների կամ ռուսաստանցիների, որոնք երկու ամիս է՝ եկել են Հայաստան, խոշոր շինարարական նախագծի իրականացմանը մասնակցելու: Խոսակցության ընթացքում նրանք պատմեցին, որ ռուսաստանցի նախագծողների, շինարարների եւ դիզայներների խմբի կազմում եկել են Իջեւան՝ Հայաստանի վարչապետի եղբոր` Արմեն Փաշինյանի համար առանձնատուն կառուցելու համար:
Զրուցակիցներս գոհ էին իրենց կյանքի եւ կենցաղի համար ստեղծված պայմաններից. բնակեցրել էին բարձրակարգ հյուրանոցում, որտեղ, իրենց իսկ բնորոշմամբ, ապրում են all inclusive՝ ամեն ինչ ներառված է պայմաններում, այդ թվում՝ տրանսպորտը: Պատմում էին, որ ճոխ առանձնատունը կառուցվում է Իջեւանի հարակից բարձունքներից մեկի վրա, որտեղից հրաշալի տեսք է բացվում դեպի քաղաքն ու բնաշխարհը: Միամտաբար մտածեցի, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչները երեւի ռուսական ընկերություն են ընտրել, որ Հայաստանում շատ աղմուկ չլինի, եւ հարցրեցի իրենց կարծիքը, թե ինչու են հենց իրենց ընտրել շինարարության իրականացման համար, չէ՞ որ Հայաստանում էլ կան բազմաթիվ շինարարական ընկերություններ:
Զրուցակիցներս բացատրեցին, որ իրենց պատվիրատուն՝ վարչապետի եղբայրը, Ռուսաստանի քաղաքացի է, նրա ճաշակը ձեւավորվել է Ռուսաստանում, եւ նա ուզում է ռուսական շինարարական չափանիշներին համապատասխան կառույց՝ հատկապես կարեւորություն տալով ներքին հարդարմանը եւ լանդշաֆտային դիզայնին:
Ցավոք, զրուցակիցներս չգիտեին շինարարության ընդհանուր արժեքը։ «Կոմերցիոն գաղտնիք է, որը կարող է իմանալ միայն շինարարական ընկերության սեփականատերը ու մեկ էլ պատվիրատուն: Մենք շարքային աշխատակիցներ ենք, ովքեր աշխատավարձով աշխատում ենք, ու շատ գոհ ենք ե՛ւ աշխատավարձից, ե՛ւ կենցաղի պայմաններից»,- որպես վերջաբան՝ ասացին զրուցակիցներս, եւ մենք բաժանվեցինք:
Կարելի էր գրել, որ հեղափոխական լոզունգներով, կոռուպցիայի եւ կաշառակերության, Սաշիկի 50-50-ի դեմ պայքարած իշխանությունը, որի ներկայացուցիչներն ասում էին, թե Հայաստանում եղած դղյակների փողերով կարելի էր բանակը զինել ու Արցախի պաշտպանությունը կազմակերպել, հիմա ինքն է դղյակաշինությամբ զբաղվում, երբ երկիրը թաղված է անսահման ողբերգության եւ հուսալքության մեջ: Մինչդեռ հիմա նման բան ասելն ուղղակի իրականության անտեսում է. Հայաստանում դղյակ կառուցելու մեջ այլեւս որեւէ ամոթալի կամ հանրայնորեն պարսավելի արարք չկա: Հասարակությունը, մեծ հաշվով, համակերպվել է այն գաղափարի հետ, որ իշխանության եկածները պետք է թալանեն երկիրը, հարստահարեն բնակչությանը եւ այդ գումարներով իրենց ու իրենց հարազատների համար դղյակներ կառուցեն, շքեղ մեքենաների կոլեկցիաներ հավաքեն, արտասահմանում բանկային հաշիվներ ու անշարժ գույք ձեռք բերեն: Հասարակությունը հարմարվել է այն մտքի հետ, որ արդարության, հավասարության եւ եղբայրության հեղափոխական լոզունգներն ընդամենը հասարակությանը մոլորեցնելու եւ իշխանազավթմանը նրան մասնակից դարձնելու միջոց են եւ ոչ թե համոզմունք, առավել եւս՝ գործունեության ուղենիշ:
Փաշինյանի իշխանությունն այլեւս որեւէ բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն չի կրում Արցախը պաշտպանելու համար, Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, Հայաստանն այլեւս իր տարածքի եւ քաղաքացիների անվտանգության երաշխավորն էլ չէ: Այսինքն՝ որեւէ մեկը չի կարող Փաշինյանին մեղադրել, որ նա եւ նրա իշխանությունը Արցախի անվտանգությունն ամրապնդելու փոխարեն երկրի փողերն ուղղել է դղյակաշինության ոլորտի զարգացմանը: Հայաստանի բանակն էլ զինելու կարիք չկա. ի սկզբանե Հայաստանի բանակը նախատեսված էր Արցախը պաշտպանելու համար, քանի որ Արցախը միջազգայնորեն, այդ թվում եւ ՀԱՊԿ երկրների համար, չէր համարվում Հայաստանի տարածք, եւ ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը որեւէ պատասխանատվություն չունեին Արցախը պաշտպանելու: Հայաստանը բանակ էր պահում հանուն Արցախի պաշտպանության:
Մինչդեռ, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, դրանից մեզ պաշտպանելու անմիջական պատասխանատուն Ռուսաստանն է: Հնարավոր է, որ Ռուսաստանն իր ներքին կամ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ընդհանրապես չպաշտպանի Հայաստանին եւ հրաժարվի իր պարտավորությունը կատարելուց: Բայց դա արդեն Հայաստանի իշխանության մեղքը չէ, դրա անմիջական պատասխանատվությունը կընկնի ոչ թե Փաշինյանի եւ նրա իշխանության, այլ հայերին ու Հայաստանն ամենածանր պահերին միայնակ թողած ու իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարած Ռուսաստանի վրա: Ռուսները ոնց ուզում են, թող այդ մեղքի ու հայ ժողովրդի անեծքի տակից դուրս գան: Իսկ մեղադրողներ ու անիծողներ շատ կլինեն:
Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է լիարժեքորեն՝ պատվերներ եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր ապահովելով արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների համար: Հնարավոր է, որ Հայաստանի մասշտաբն այնքան մեծ չէ, որ օգնի Ռուսաստանին՝ հաղթահարելու պատժամիջոցների պատճառած դժվարություններն ամբողջությամբ, բայց Հայաստանի իշխանություններն օգնում են, որքան որ կարողանում են: Հնարավորությունները մեծանան, պատվերների թիվն էլ կշատանա. յուրաքանչյուր հայ պաշտոնյա իր եղբայրների, ազգուտակի հետ մի քանի դղյակ ու ամառանոց կպատվիրի, Ռուսաստանից շինարարական ընկերություններ կգան, այդ պատվերները կիրագործեն: Հայաստանը որպես դաշնակից իրեն ճիշտ է պահում, մնացածը թող Ռուսաստանը մտածի:
Ավետիս Բաբաջանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը