02 08 2022

Հայտնի «Շիշ բռնողի»՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի եղբորը Փաշինյանը նոր պաշտոնում կնշանակի

Հայտնի «Շիշ բռնողի»՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի եղբորը Փաշինյանը նոր պաշտոնում կնշանակի

Շիշ բռնող մականվամբ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը Փաշինյանը վերադարձնում է պետական կառավարման համակարգ: Վարչապետի օգնական աշխատած ու ներկայում ընտանեկան բիզնեսը հարստացնող Նաիրի Սարգսյանն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սոցոլորտ կվերադառնա:

Ասում են՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր առաջ խնդիր է դրել՝ եղբոր 30-ամյակի հոբելյանական օրվա առթիվ մինչև աշուն Նաիրիի նշանակումն ապահովել Սոցիալական ապահովության ծառայության պետի բարձր պաշտոնում:

Ոլորտից նվազ հասկացողների համար ընդգծենք, որ սա սոցապ նախարարության գլխավոր ու հիմնական ենթակառույցն է, մեծ հաշվով այս պաշտոնը սոցապ նախարարից շատ ավելի բարձր է ու պատասխանատու՝ թե՛ գործառույթերի, թե՛ լծակների և թե ծառայության ընդգրկած ծավալների ու հատկապես կառավարվող բյուջեի իմաստով:

Սա բոլորին քաջ հայտնի սոցապֆոնդ կոչված նախկին հիմնադրամն է, որի նեգատիվ հիշողությունները հանրային ընկալումներում մնացել են հենց նույն Նաիրի և Հայկ Սարգսյանների հոր՝ Զարեհ Սարգսյանի կառավարման տարիներից և Վազգեն Խաչիկյանի սկանդալային կալանավորման, փողերի անհետացման քրգործերով:

Ընդգծենք, Կենսաթոշակային հիմնադրամում կամ ներկայից ՍԱԾ-ում կառավարվում է մեր պետական բյուջեի մի ահռելի մասը՝ շուրջ կես տրիլիոն դրամ ծավալով և այստեղից են դուրս գալիս բոլոր տիպի նպաստներն ու թոշակները, զինթոշակները, մահվան նպաստները, սոցծրագրերով աջակցության գումարներ, փոխհառտուցումներն արցախցիներին․ և, ի վերջո, այստեղ են գեներացվում պետական կառավարման համակարգ մուտք գործած դիմումներն ու ցանկացած  տիպի տեղեկատվություն՝ ՀՀ քաղաքացու և նրա սոցիալական կարգավիճակի մասին, որից հետո այն դառնում է ողջ պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական հարթակի շտեմարանը:

Կարելի է ասել, սոցապահովության ծառայության պետի «պաշտոնի համն» ու բոլոր առավելություններն իր մաշկի վրա զգացել ու վայելել է Նաիրի Սարգսյանի ընտանիքը դեռևս 20 և ավելի տարիներ առաջ, հիմա էստաֆետը որդուն կփոխանցվի․ դե իսկ հայրը միանշանակ կլինի հիմնական խորհրդատուն։ Համենայն դեպս, սոցապ նախարարության ներսում այս մասին շշուկներ տարածում են վերին էշելոններից:

Չմոռանանք, հոր հետ սոցապի կապից բացի՝ նաև Նաիրին է ժամանակին ուղիղ առնչվել  սոցոլորտին. Նաիրիի կարճ, բայց բեկումնային կարիերան սկիզբ է առել հենց ուսանողական տարիքից. ընդամենը 20 տարեկանում՝ տակավին երիտասարդ Նաիրին, պարզվում է, այնքան հասուն է եղել, որ կարողացել է այդ ծանր ու դեպրեսիվ ոլորտի նախարարին օգնել իր գիտելիքներով։ 2012-2018 թվականը Նաիրի Սարգսյանը որպես առաջին աշխատանք՝ զբաղեցրել է սոցապնախարի օգնականի պաշտոնը: Համաձայնեք՝ սա չտեսնված հաջողություն է՝ հատկապես նախկինների օրոք, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Նաիրի Սարգսյանը ի ծնե վունդերկինդ լինելու կամ գերզարգացած հակումներով օժտվածության մասին առայժմ չենք կարդացել ոչինչ:

Այսպիսով՝ 1992թ. օգոստոսի 9-ին ծնված Նաիրի Սարգսյանը նախարարի օգնականի պաշտոնում 6 տարի աշխատելուց  հետո, հիշեցնենք, հեղափոխության ուժով միանգամից մտավ  կառավարության շենք՝ 2018 հունիսի 1-ին նշանակվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական:

Հայտնի չէ, թե պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական աղետի ժամանակ ինչով  է օգտակար եղել Նաիրի Սարգսյանը երկրին ու վարչապետին, բայց նա իրականում լուրջ խնդիր էր լուծում հետպատերազմյան բողոքի ալիքների ժամանակ, Նիկոլի դեմ կառավարության մոտ բողոքի ցույցերն ու ակցիաները հաջող կերպով ցրող միակ պաշտոնյան էր Նաիրին, որ իջնում էր վարչապետի կաբինետից  ու հետագա խոստումներով մարդկանց համոզում ցրվել տներով: 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ