01 08 2022

Սա քաղաքական հաշվեհարդարի անընդունելի և դատապարտելի դրսևորումն էր. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

Սա քաղաքական հաշվեհարդարի անընդունելի և դատապարտելի դրսևորումն էր. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն, ինչպես նաև ԵՄ երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերը, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանություններին՝ Նիդերլանդների քաղաքացի և Հայ Դատի տեղի հանձնախմբի անդամ Սյունե Աբրահամյանին, ապա նաև նույն հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին Հայաստան մուտք գործելն արգելելու համար: Այս մասին ասված է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հայտարարության մեջ:

«Համայնքային ակտիվ գործունեությամբ զբաղվող սփյուռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։

Սյունե Աբրահամյանը Հայաստան էր մեկնել մասնակցելու ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սյունիքում կազմակերպված կամավորական ճամբարներին, որոնք մեծապես նպաստում են սահմանամերձ շրջանների երիտասարդության գոտեպնդող նախաձեռնության:

Հուլիսի 13-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց հետո, սա ընդդիմադիր հայացքներ ունեցող հայրենակիցների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի անընդունելի եւ դատապարտելի դրսևորումն էր։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Բրյուսելի Գրասենյակը ՀՀ իշխանություններից պահանջում է անմիջապես դադարեցնել այս գործընթացը և վերջ տալ Հայ դատի գործիչների, ինչպես նաև այս ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդների նկատմամբ ապազգային վերաբերմունքին։

Ադրբեջանի հանդեպ միջազգային հարաբերություններում մեր պետության հիմնական առավելությունը ժողովրդավարությունն էր, իր բոլոր թերություններով հանդերձ: Նման հակաժողովրդավարական քայլերով մենք միայն կարող ենք կորցնել այդ առավելությունը։

Հայ դատի հանձնախմբերը միջազգային բոլոր հարթակներում միշտ զորավիգ են կանգնել մեր պետությանը, իսկ հանձնախմբերի անդամները զոհել են իրենց անձնական կյանքն ու ժամանակը՝ ամբողջապես կամավոր և անշահախնդիր կերպով։

ՀՀ իշխանություններին հորդորում ենք հեռու մնալ նման քայլերից, քանի դեռ լուրջ վնաս չի հասցվել Հայաստանի միջազգային ընկալմանը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը գտնում է, որ նման դեպքերի կրկնումն ու քինախնդրական վերաբերմունքը մեզ առաջնորդելու է դեպի Հայաստանի և Սփյուռքի միջև խրամատի ստեղծման, ինչը վնասակար հետևանքներ է ունենալու մեր ժողովրդի համար»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ