30 07 2022

Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով

Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով:

Գրանցված 17 005 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (63,2 տոկոս) և միջին ծանրության (22,5 տոկոս) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են ընդհանուր հանցագործությունների 85,7 տոկոսը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, խարդախության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում 2,8 տոկոսով աճել է բացահայտման արդյունավետությունը:

Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 134-ը կաշառակերության դեպքեր են, 64-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացնելու կամ վատնելու, 44-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 90-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 47-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 91 524 նյութ, հարուցվել է 10 065 քրեական գործ:

Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:

2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ