16 07 2022

Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր.Միքայել Համբարձումյան

Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր.Միքայել Համբարձումյան

Այս ծանր դեպքը չեմ կարծում, որ գլոբալ իմաստով ազդեցություն կունենա դատական համակարգի արդի գործունեության ընթացքի վրա, քանի որ տեսանելի օրակարգն այլ կերպ է ձևավորվում, սա պետք է գիտակցել։ Արմենի մահը` հենց դատարանի դահլիճում, դրա վկայությունն է, այն մեծ խորհուրդ ունի։ Նման կարծիք է հայտնել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում։

«ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը հակահետախուզական իր գործառույթների շրջանակներում այդ իմաստով օպերատիվ ապահովում է իրականացրել նաև իրավապահ համակարգի նկատմամբ, ուստի տևական ժամանակ զբաղեցնելով նշված դեպարտամենտի պետի պաշտոնը՝ քաջատեղյակ եմ համակարգի գործունեության հետ կապված նրբություններից և որոշումների ընդունման ընթացակարգերից։

Ես միշտ համոզմունք եմ ունեցել, որ դատավորներն օժտված լինելով անկախության բարձր երաշխիքներով և ինքնուրույնությամբ, չպետք է դրա քողի ներքո գործեն՝ անձնական, քաղաքական, կոռուպցիոն բնույթի շահեր սպասարկելով, ամբիցիաներով, իներտ կամ ինքնահաստատման մոլուցքով տարված, նրանք իրենց ուղիղ պարտականություններն իրականացնելիս, ներքին համոզմունք ձևավորելիս, նաև պարտավոր են հաշվի առնել երկրի անվտանգության շահը, ռիսկերը, հնարավորություն ընձեռեն իրավապահ մարմիններին ողջամիտ ժամկետներում իրականացնել անհրաժեշտ ՕՀՄ-ներ, այլ գործողություններ՝ բարդ ու ծանր հանցագործության դեպքերը լրիվ ծավալով բացահայտելու համար։

Իմ աշխատանքով ձգտել եմ հասնել դրան և այսօր էլ մնում եմ նույն համոզմունքին։ Այս ողջ ժամանակահատվածում ի պաշտոնե առիթներ եմ ունեցել առնչվել տարբեր իրավիճակների և իրադարձությունների հանգուցալուծմանը։

Դատական համակարգում այսօր ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է, որի հետևանքն Արմեն Գրիգորյանի մահն էր։ Նրան բերման ենթարկելու և կալանավորման առիթով ես և ԱԱԾ պահեստազորի սպաների միության ընկերներս արդեն իսկ դիրքորոշում հայտնել ենք 19.05.22թ. հրապարակմամբ, քանի որ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձություններում վախեցնելու և պատժի տարրեր էինք տեսնում։

Այս ծանր դեպքը չեմ կարծում, որ գլոբալ իմաստով ազդեցություն կունենա դատական համակարգի արդի գործունեության ընթացքի վրա, քանի որ տեսանելի օրակարգն այլ կերպ է ձևավորվում, սա պետք է գիտակցել։ Արմենի մահը` հենց դատարանի դահլիճում, դրա վկայությունն է, այն մեծ խորհուրդ ունի։

Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և համբերություն մաղթում»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ