Ապարանում հունիսի 19-ի աղմկահարույց սպանություններից հետո շուրջ 1 ամիս է անցել, բայց 2 երտասարդի սպանության, 5 անձի զենքով վիրավորելու քրգործով միայն մեկ կալանավորված կա: Քննչական կոմիտեից Yerevan.Today-ին հայտնեցին, որ կալանավորված Հայկ Հովհաննիսյանը ճանաչվել է մեղադրյալ։ Ավելին, հայտնեցին, որ այս միջադեպով չկա հոտախուզվող անձ, այսինքն այլ կասկածյալների իրավապահները չեն էլ որոնում: Եվ սա այն դեպքում, երբ Նիգավանի աղբավայրի մոտ հնչած կրակոցների ականատեսը, ապարանցիների խոսքով, 50-ից շատ մարդ են եղել, մոտ երկու տասնյակ երտասարդ էլ, ասում են, ուղիղ առնչվում են արյունալի միջադեպին:
Փաստորեն ինչպես ակնկալվում էր՝ այս աղմկահարույց քաղաքական ենթատեքստով արյունալի միջադեպից հետո «նշանակվեց» մեկ մեղավոր, մյուսները կփրկեն իրենց կաշին․ ստացվում է՝ 7 անձի կրակել էր, իսկ երկուսին սպանել էր միայն մեկ երիտասարդ, ինչը աբսուրդ են համարում իրավաբանները: Այս առումով խիստ կասկածելի է նաև այն դրվագը, որ միակ մեղադրյալը դեպքերի հաջորդ օրը կամովի հանձնվեց ոստիկանություն․ նա ոմն Հայկն է, որին ճանաչում են իբրև նիկոլական ակտիվիստ:
Ի դեպ, Կրակոցներից ծանր վիրավորում ստացած երրորդ երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ 25 օր է ՝ Սամվել Սանդրոյանը կոմայի մեջ է, այդպես էլ գիտակցության չի գալիս: 27 ամյա Սամվելը ԱԱԾ ծառայող է, գլխուղեղային վնասվածքով էր տեղափոխվել Երևան:
«Արմենիա» ԲԿ-ում մինչ օրս արհեստական շնչառական սարքավորմանն է միացված, հարազատների խոսքով՝ Սամվելի սիրտն է աշխատում, բայց ժամանակ առ ժամանակ վիճակը ծայրահեղ բարդանում է՝ ճնշման կտրուկ անկումների պատճառով․ այսօր էլ եղբոր՝ Գրիգորի խոսքով, նույն ծանր ապրումներով օրերից մեկն է եղել Սամվելի ու հույսով սպասող ծնողների համար: Մեկ ամիս է՝ հայրն ու մայրը Երևանի հիվանդանոցում են գիշերում, ասում է՝ սիրտ չունեն, որ զավակին էդ վիճակում թողնեն, ընկնեն քննչականի դռներով, հազիվ կանչել էին տուժողի իրավահաջորդ ճանաչելու:
Ի դեպ, թոքի վնասվածքով երրորդ ծանր վիրավորում ստացած ապարանցի երիտասարդը նույն միջադեպի զոհ դարձած 28-ամյա Տիգրան Հարությունյանի հարևանն է: Նրան արդեն դուրս են գրել, հիվանդանոցից․ միանգամից պիտի զորակոչվեր բանակ, ասում է Գրիգորը:
Ի դեպ, 5 վիրավորում ստացածների մեջ նաև անչափահասներ կան:
Հիշեցնենք, Ապարանում հունիսի 19-ի կիակոցներից հետո մամուլում հեղեղված նյութերն հինականում քաղաքական ենթատեքստ ունեին՝ «Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար մարդ են սպանել» վերնագրերով:
Արաքածոտնի ՔՊ-ական փոխմարզպետի ազգականն ու ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր ուղիղ առնչությունը կա այս միջադեպին․ այս վարկածը մամուլից հետո պնդեցին սպանվածներ Համիկ Մաթևոսյանի ու Տիգրան Հարությունյանի հարազատները՝ Ապարանում միջադեպից հետո կազմակերպած իրավապահ համակարգի դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը