26 06 2022

Վահանավանքն ապացույց է, որ տարածաշրջանում հայերն ապրել են այն ժամանակներից, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել. Փարսյան

Վահանավանքն ապացույց է, որ տարածաշրջանում հայերն ապրել են այն ժամանակներից, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել. Փարսյան

Հունիսի 25–ին մեծ հանդիսավորությամբ նշվել է Կապանի գլխավոր սրբավայրի՝ Վահանավանք վանական համալիրի հիմնադրման 1111–ամյակը։ Տոնը խորհրդանշական էր նրանով, որ այսօր նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։ Վաղ առավոտյան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ ուխտավորները ոտքով հաղթահարել են Վահանավանքի բարձունքն ու մասնակցել տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին։  Այն մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։

Ողջունելով ներկաներին համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն  ասաց, որ կցանկանա  խոսել Վահանավանքի առանձնահատուկ կարևորության մասին՝ որպես Սյունյաց, մասնավորապես Կապան աշխարհի պատմամշակութային կարևորագույն արժեքներից մեկի։ «Ակնհայտ է, որ ազգի ինքնության պահպանման և ամրապնդման գործում կարևոր են պատմամշակութային արժեքները, որոնք ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ ամենը մեզանում պահպանել են ազգայինը, որոնք էլ մեր ինքնության դրսևորման բովանդակությունն են։ Պահպանելով ազգային արժեքները ամրապնդում ենք մեր ինքնությունը, որից էլ բխում է հայկականությունը․ հայկականությունը Կապանում, հայկականությունը Սյունիքում։ Եվ այս համատեքստում ես շատ ուրախ եմ, որ ժառանգել ենք այսպիսի հարստություն, ինչպիսին Վահանավանքն է, որը վկայում է մեր տարածաշրջանի հայկական կենսագրության պատմական փաստի մասին»,-ասաց Փարսյանը։  Ըստ համայնքի ղեկավարի՝ թշնամին հաճախ է օգտագործում «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը, այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել։

Վահանավանքը  միջնադարյան վանական համալիր է։  Հիմնադրվել է   Բաղք  գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել  է իր անունը։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը պատմական ակնարկով լրացրեց հուշարձանի պատմությունը․«Վահանավանքի ծաղկունքի 2-րդ շրջանը սկսվում է Սյունյաց թագավորության ժամանակներում, մասանորապես 1046 թվականին , երբ Սմբատ 2-րդ Սյունյաց թագավորը, իր եղբայր Գրիգոր իշխանի հետ հիմնովին վերանորոգում է հուշարձանները,իսկ դրանից ժամանակներ հետո 1086-ին   Շահանդուխտ թագուհին կառուցում է Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին»։

Մանուչարյանը հնագիտական արշավախմբի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ  1988-1989թվականներին, մասնակցել է Վահանավանքում կատարված պեղումներին։ «Արդեն խորհրդային միությունը գնում էր դեպի փլուզում։ Այդ ժամանակ տաճարն ու գավիթն էին վերականգնում, որը կիսատ մնաց»։ 2006-2009 թվականներին  եւս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որի արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։

Տոնի առթիվ կատարվեց մատաղի հյուրասիրություն, տոնական օրը իրենց կատարումներով գեղեցկացրեցին  «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։

Нет описания.

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ