Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջևզարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը»:
Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.
68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար
51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:
Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը