Դիմադրության երթի մասնակիցները քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապօրինի ձերբակալությունների, ոստիկանության բռնությունների, երկրում իրավական կամայականությունների դեմ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, ընդգծեց՝ եթե այդ մարմինը չշրջանցեր օրենքը, գործեր օրենքի սահմաններում, ապա այն ոստիկանները, որոնք հունիսի 3-ին կանանց էին ծեծում, հիմա բանտում կլինեին, փոխարենը քաղաքական հետապնդումների են ենթարկվում նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին։
«Պատկերացրեք՝ իշխանությունն ուր է հասել, որ այս կարևոր մարմնին ստիպում են, որ տեսանյութի պայմաններում, երբ տեսնում ես՝ ոստիկանն ինչպես է կանանց ծեծում, որ այդ ոստիկաններին չձերբակալեն, մեղադրանք չառաջադրեն, ամեն կերպ պաշտպանեն՝ այն պայմաններում, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն շատ ուրիշ գործեր ունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա Հակակոռուպցիոն կոմիտեին կոչ արեց զերծ մնալ իշխանության հրահանգները կատարելուց և անցնել իր բուն առաքելությանը։
«Ձեր գործով զբաղվեք, ձեզանից դա է պահանջվում։ Վստահ, փաստերն էլ ունենք․ մեր նորագույն պատմության աղետի՝ 44-օրյա պատերազմի մեղավորներին ձերբակալեք, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը