15 06 2022

1 ամսից ավելի է՝ հայկական բեռնատարները մնացել են ռուս-վրացական սահմանային անցակետում. News.am

1 ամսից ավելի է՝ հայկական բեռնատարները մնացել են ռուս-վրացական սահմանային անցակետում. News.am

NEWS.am-ը գրում է․ Ռուս-վրացական սահմանային անցակետում`«Վերին Լարսում», ապրիլ ամսից բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Կուտակումների մեջ են նաեւ հայկական բեռնատարները։ Անցակետի մոտ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթերը մեծ վնաս են հասցրել հատկապես հայաստանյան արտահանող ընկերություններին, որոնք ստիպված են թափել փչացած մթերքը:

«Էքսպորտ արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից։ Երբ Եվրամիությունը փակել է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը եւ բեռնատարները սկսել են «Վերին Լարսի» ճանապարհահատվածով գնալ, ինչից հետո ծանրաբեռնվածությունը Վերին Լարսում կտրուկ մեծացել է: 

««Սպայկա» ընկերությունը ընդամենը մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Վախենամ, որ դա դեռ սկիզբն է։ Մեզ սպասվում է շատ ավելի դժվար հունիս ամիսը, եւ էլ ավելի դժվար օգոստոս ամիս։ Վնասները դեռ պետք է գնահատվեն, բայց այսօր պետությունը դրանք նույնիսկ չէ էլ գնահատում։ Դեռ անհայտ է, թե որքան է Հայաստանը տուժելու այս լոգիստիկ կոլապսից»,- ասաց նա

Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վրացական եւ թուրքական բեռնատարներն առանց հերթ են անցնում ճանապարհատվածը. «Նրանք խուսափում են Ադրբեջանով գնալ, քանի որ ճանապարհը մոտ 1000 կիլոմետրով  ավելի երկար է։ Վրացիներն ու թուրքերն ավելի մեծ լծակներ ունեն, կարողանում են առանց հերթ անցնել անցակետը, ամենաանպաշտաններն էլ Հայաստանի բեռնափոխադրողներն են, որոնք մնում են հերթերի մեջ»։

Ստեփանյանը պնդեց, որ այս խնդրով պետք է զբաղվի երկրի փոխվարչապետը. «Դա Հայաստանից միակ դուրս եկող ուղին է, բայց Էկոնոմիկայի նախարարից բարձր այս խնդիրը չի բարձրաձայնվում»։

Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը։ Նոր անցակետը ռեղակայված կլինի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կգործարկվի մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջիկայում կհանդիպի ռուս եւ վրացի գործընկերների հետ՝ հայկական բեռանատարների համար առաջացած խնդրի լուծում գտնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ