News.am-ը գրում է․ Կրթությունը գերխնդիր եւ առաջնահերթություն համարող իշխանությունը, պարզվում է, որոշել է խնայել հենց կրթության հաշվին։
Ոստիկանության և ուժայինների հավելավճարներն ավելացնելուն զուգահեռ կրճատվում են դպրոցների ծախսերը։ Դպրոցների պահպանման ծախսերի համար հատկացվող գումարներն արդեն բավարարում են միայն անձնակազմի աշխատավարձերին։ Մյուս ծախսերի համար տնօրենները ստիպված են այլ ուղիներ փնտրել։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում, օրերս ծնողական ժողով է տեղի ունեցել։ Տնօրեն Նատալյա Ստեփանյանը տեղեկացրել է, որ տարեցտարի կրճատվել են դպրոցին հատկացվող միջոցները, և հիմա արդեն հասել է մի կետի, որ բացի անձնակազմի աշխատավարձերից, պահպանման այլ ծախսերը գրեթե չեն կարող հոգալ, այդ թվում՝ կոմունալն ու անհրաժեշտ այլ ծախսերը։
Տնօրենը հայտնել է, որ ստիպված է գնալ ծայրահեղ քայլի. դպրոցը կբացի հիմնադրամ և ծնողներին կխնդրի գոնե նվազագույն գումար փոխանցել, որպեսզի դպրոցը հնարավոր լինի պահպանել։
Փաստորեն, կառավարությունը, որը շարունակ խոսում է տնտեսության առաջընթացի մասին, դպրոցի ծախսերը հոգալու համար նախընտրում է օգտագործել ծնողների գումարները։ Իսկ հավաքված հարկերը միայն բարձրաստիճան պաշտոնյաների ու ուժայինների պարգևատրումների համար են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը